Այս տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանում աճել է ինչպես ապաստան հայցողների, այնպես էլ հումանիտար կարգավիճակ ստացած անձանց թիվը։
Մասնավորապես, ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն` երեք ամիսների ընթացքում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում ապաստան հայցողի կարգավիճակով գրանցվել է օտարերկրյա 441 քաղաքացի, որոնցից մեծ մասը՝ 242 հոգի, Ուկրաինայի քաղաքացիներ են։
Գրանցված ապաստան հայցողների թվում 34-ը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 48-ը՝ Իրանի, 44-ը՝ Թուրքիայի, 11-ը՝ Եգիպտոսի:
Ինչ վերաբերում է հումանիտար կարգավիճակի տրամադրմանը, ապա 2022 թվականի երկրորդ եռամսյակում այս կարգավիճակը ստացել է 201 օտարերկրյա քաղաքացի, որոնցից շատերը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 185 հոգի, Աֆղանստանի 7 քաղաքացի, Եմենի՝ 3, Սիրիայի՝ 3: Այս ընթացքում ՌԴ ոչ մի քաղաքացի մարդասիրական կարգավիճակ չի ստացել։
Նշված երեք ամիսների ընթացքում փախստականի կարգավիճակ է ստացել օտարերկրյա 8 քաղաքացի, որից 4-ը՝ Աֆղանստանից, մեկ հոգի Եգիպտոսից, Սիրիայից ևս մեկ հոգի և 2 չհաստատված քաղաքացիություն ունեցող անձինք:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում 238 օտարերկրյա քաղաքացիներ մերժում են ստացել կարգավիճակ ստանալուց, այդ թվում՝ 13 Ռուսաստանի, 97՝ Իրանի, 38՝ Հորդանանի, 20՝ Իրաքի և 19-ը` Թուրքիայի քաղաքացիներ։
Երեք ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրի 53 քաղաքացի, այդ թվում՝ Ադրբեջանի՝ 9, Ռուսաստանի՝ 2, Իրանի՝ 9 և Թուրքիայի 5 քաղաքացի։
Ինչ վերաբերում է առաջին եռամսյակի տվյալներին, ապա հիշեցնենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին (հունվարից մինչև մարտ) Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է 364 օտարերկրյա քաղաքացի, որից 126-ը Ուկրաինայի, 21-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, տարվա առաջին եռամսյակում հումանիտար կարգավիճակ է ստացել 51 ապաստան հայցող, որից 13-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, և ոչ մի ՌԴ քաղաքացի, ինչպես նաև Աֆղանստանի 21 և Եմենի 7 քաղաքացի։
Փախստականի կարգավիճակ այս ժամանակահատվածում չի տրվել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ ՌԴ քաղաքացիներին։ Ընդհանուր առմամբ, այս կարգավիճակը ստացել է 9 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի քաղաքացիների։
Աղբյուրը՝ interpressnews.ge