Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով բեռնափոխադրումները կվերսկսվեն մայիսի 20-ից, – հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը։ ԲԹԿ երկաթուղային գծի արդիականացումը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի վրացական հատվածի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները, որը համարվում է Միջին միջանցքի կարևոր հատվածը, արդեն ավարտվել են։

Մայիսի 20-ից կսկսվեն բեռնափոխադրումները ԲԹԿ երկաթուղային գծով։ Այս երկաթուղային գծի արդիականացման հիմնական նպատակն է բարձրացնել Միջին միջանցքի մրցունակությունը և ԲԹԿ-ն դարձնել միջանցքի հիմնական բեռնափոխադրումների զարկերակներից մեկը։

Շատ մեծ է ԲԹԿ երկաթուղային գծի կարևորությունը Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից Եվրոպա ցամաքային ճանապարհով Ադրբեջանի տարածքից բեռնափոխադրումների արագացման գործում։ Ընդլայնումից հետո ԲԹԿ-ի տարեկան թողունակությունը 1 մլն տոննայից հասել է 5 մլն տոննայի: Բեռնման ծավալը մինչև 5 մլն տոննա հասցնելու նպատակը որոշվել է նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի հիման վրա, և այս ուղղությամբ ընդլայնման աշխատանքներն ակտիվորեն սկսվել են անցյալ տարվանից»,- ասել է նա։

Այժմ, նշել է Ռուստամովը, ադրբեջանական երկաթուղին պատրաստ է բեռների մեծ մասը փոխադրել Կենտրոնական Ասիայից և Ասիայից Արևմուտք արդիականացված ԲԹԿ ճյուղով և հակառակը։

Հաղորդվում է, որ իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են՝ 61 կիլոմետր երկաթուղային գիծ, ​​98 կիլոմետր օդային գիծ, ​​172 կիլոմետր՝ 10 կՎ լարեր, 338 կիլոմետր՝ օպտիկամանրաթելային մալուխ։ Բացի այդ, 160 հազար խորանարդ մետր խճաքարի օգտագործմամբ և հատուկ տեխնիկայի միջոցով վերանորոգվել է ճանապարհը, 120 կիլոմետրանոց հատվածով եզրաքարեր են անցկացվել, ասֆալտապատվել են 41 կիլոմետր երկարությամբ հետիոտնային ու մայրուղային ճանապարհները։

Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում լրացուցիչ կներդրվի ավելի քան 100 մլն դոլար։ Նրա խոսքով՝ երկաթուղու թողունակությունը կավելանա հինգ անգամ՝ մինչև հինգ միլիոն տոննա։

ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք երկաթգիծը՝ 98 կմ երկարությամբ, որից 68 կմ-ը՝ Թուրքիայով, 30 կմ-ը՝ Վրաստանով, իսկ Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը։ Գծի վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին 775 մլն դոլար ընդհանուր գումարով երկու վարկ է տրամադրել։

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին այս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա։

Հիշեցնենք, որ երբ 2019 թվականին պաշտոնական մակարդակով հայտարարեցին ԲԹԿ ճյուղի հնարավոր միացման մասին Ռուսաստանի երկաթուղուն, վրացական իշխանությունները կտրականապես հայտարարեցին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նախագիծն է և ցանկացած այլ մասնակցի մասնակցությունը պետք է համաձայնեցվի բոլոր երեք երկրների կողմից: