«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև զարգացման նպատակների մասին» դրամաշնորհային համաձայնագիրը նախատեսում է USAID-ի կողմից Վրաստանին 67 մլն դրամաշնորհի տրամադրում, – այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, դրամաշնորհի ծավալը կարող է աճել մինչև 330,5 մլն դոլլար: Նշված հարցը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն՝ խորհրդարանական արտաքին գործերի կոմիտեի նիստին:
Համաձայնագրի համաձայն, Վրաստանի համավճարը կազմում է մոտ 7,7 միլիոն դոլլար, որը նույնպես կավելանա դրամաշնորհի գումարի ավելացման հետ միասին:
Զեկուցող Գիորգի Կակաուրիձեի պարզաբանմամբ, նշված գումարը ծախսվելու է մի քանի ուղղություններով:
«Արտաքին վնասակար ազդեցությունների նկատմամբ դիմացկունությունն ամրապնդելու համար նախատեսվում է 14.5 մլն դոլլար, որը կարող է առաջիկա տարիներին աճել մինչև 79.4 մլն դոլլար:
Ժողովրդավարական ձեռքբերումներն ամրապնդելու համար քաղաքացու նկատմամբ հաշվետու կառավարման ուժեղացում: Այս ուղղությամբ հաշվի է առնված 25.9 միլիոն դոլլար և ներառում է օրենքի գերակայություն, ժողովրդավարական կառավարում, քաղաքական մրցակցություն, քաղաքացիական հասարակություն, տարրական կրթություն և սոցիալական ծառայություններ:
Տնտեսական աճի արդյունքում ներառական, բարձր վարձատրվող և որակյալ զբաղվածության հնարավորությունների ստեղծում: Այս ուղղությամբ հատկացվել է 26,6 միլիոն դոլլար», – հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից: