2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 922,2 հազար միջազգային այցելու, ինչը 176,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զեկույցն այսօր հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Որտեղի՞ց են ժամանում Վրաստան

Ապրիլ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած այցելուների թվով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը։ Վեց ամսվա ընթացքում այնտեղից ժամանել է 147,7 հազար մարդ, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի ավելի քան 19%-ը։

Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,9 տոկոս մասնաբաժնով (175,4 հազար այցելու)։

Հայաստանը երրորդն է: Ապրիլ-հունիսին ՀՀ-ից Վրաստան է ժամանել 136,8 հազար այցելու (ընդհանուր թվի 12,1%-ը)։

Ովքե՞ր և ինչու են գալիս Վրաստան և ինչքա՞ն են նրանք ծախսում

  • Ապրիլ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած այցելուների մեծամասնությունը (48,5%) պատկանում է 31-ից 50 տարեկան տարիքային խմբին։
  • Կանայք շատ ավելի քիչ են գալիս, քան տղամարդիկ՝ երկրորդ եռամսյակում այցելուների ընդհանուր թվի 37%-ը:
  • Այցելությունների մեծ մասը (52,0%) կատարվել է զվարճանքի, ժամանցի և հանգստի նպատակով։
  • Ամենաշատ այցելությունները կատարվել են Թբիլիսի և Աջարիա՝ համապատասխանաբար 512,7 հազար և 375,3 հազար այցելու։
  • Վրաստանում այցելուները միջինը 6,2 գիշեր են անցկացրել։
  • Միջազգային այցելուների ծախսերը երկրորդ եռամսյակում կազմել են 2,3 մլրդ լարի։ Միջին հաշվով յուրաքանչյուր այցելու ճանապարհորդության ընթացքում ծախսել է 2,4 հազար լարի։

Այցելուներ և զբոսաշրջիկներ. Ինչի՞ մեջ է տարբերությունը

Այցելու – 15 տարեկանից բարձր ճանապարհորդ, ով Վրաստանի բնակիչ չէ և իր սովորական միջավայրից երկիր է ժամանել մինչև մեկ տարի ժամանակով: Այցելուներ չեն համարվում աշխատանքի տեղավորման նպատակով ժամանածները, դիվանագիտական ծառայողները, զինվորականները, ինչպես նաև սահմանը հաճախ հատող անձինք։

Հենց դա էլ բացատրում է, թե ինչու են «Սաքստատ»-ի թվերը խիստ տարբերվում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներից, որոնք հաշվի են առնում օտարերկրյա ճանապարհորդներին՝ Վրաստանի ցանկացած տարիքի ոչ ռեզիդենտներին, ովքեր տեղաշարժվում են տարբեր աշխարհագրական տարածքների միջև ցանկացած տևողականությամբ և ցանկացած նպատակով:

Եթե խոսենք միջազգային ճանապարհորդների մասին, ապա, ըստ «Սաքստատի», երկրորդ եռամսյակում նրանց թիվը Վրաստանում գերազանցել է 1 միլիոնը։

Վիճակագրության մեջ կա նաև «զբոսաշրջիկներ» սահմանումը: Այստեղ ենթադրվում են միջազգային ճանապարհորդները, ովքեր առնվազն մեկ օր անցկացրել են երկրում: