Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի քաղաքացիներին կրկին արգելվում է զբոսաշրջության նպատակով մեկնել Գերմանիա: Այս մասին հաղորդում է Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը:
Հոկտեմբերի 7-ին Գերմանիան Վրաստանը ներառեց բարձր ռիսկային երկրների ցուցակում: Այժմ, սահմանին Վրաստանից մեկնող քաղաքացիները պետք է կորոնավիրուսի PCR թեստի բացասական պատասխան տրամադրեն, որն իրականացվել է ուղևորությունից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ: Կարելի է, և առանց թեստավորման, բայց այդ դեպքում պարտադիր է երկշաբաթյա ինքնամեկուսացում կամ կարանտին:
Սահմանափակումները չեն տարածվում ԵՄ անդամ պետություններում և Մեծ Բրիտանիայում երկարաժամկետ կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրների քաղաքացիների վրա, ինչպես նաև ԵՄ, Մեծ Բրիտանիայի, Լիխտենշտեյնի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի քաղաքացիների ընտանիքի անդամների (ամուսին, անչափահաս և չամուսնացած երեխա, անչափահասի ծնող) վրա:
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Վրաստանից կարող են մեկնել Գերմանիա նաև.
. բժշկական անձնակազմը,
. հետազոտող-գիտնականները,
. Գերմանիայում աշխատող հիվանդ կամ տարեց մարդկանց խնամող քաղաքացիները,
. բարձր որակավորում ունեցող աշխատողները, որոնց զբաղվածությունը տնտեսապես կարևոր է.
. ծովագնացները տարանցիկ ճանապարհով դեպի նշանակման նավահանգիստ,
. միջազգային տրանսպորտի վարորդները,
. սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում գործառված անձինք,
. դիվանագետները և միջազգային և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները:
Ուսանողները կարող են մեկնել Գերմանիա, եթե ունեն ուսումնական այցեգիր (վիզա): Այն պետք է ուղեկցվի ուսումնական հաստատությունից ստացված փաստաթղթով, որը հաստատում է, որ, չնայած առկա իրավիճակին, ուսանողի ներկայությունը պարտադիր է: Գերմանիայում ուսանողների համար նախատեսված մնալու տևողությունը պետք է լինի առնվազն վեց ամիս:
Վրաստանի քաղաքացիները կարող են նաեւ Գերմանիա մուտք գործել բուժում ստանալու նպատակով: Խոսքը բժշկական անհետաձգելի օգնության դեպքերի մասին է, երբ բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում, երբ բուժումն արդեն սկսվել է գերմանական կլինիկայում: Հանգամանքները պետք է հաստատվեն համապատասխան փաստաթղթերով: Հիվանդին կարող են ուղեկցել մինչև երկու հոգի:
Տարանցման նպատակներով մուտքը Գերմանիա թույլատրվում է, եթե հնարավոր չէ ուղիղ կերպով մուտք գործել նպատակակետ-երկիր: Ճանապարհորդները ստիպված կլինեն տրամադրել այդ հանգամանքները հաստատող փաստաթղթեր: Գերմանիայում տարանցման ժամանակահատվածը սահմանափակ է:
«Գերմանիա մուտք գործելու իրավունք տալու մասին վերջնական որոշումը կայացնում են համապատասխան լիազորություններով քաղաքացիական ծառայողները, որոնք աշխատում են սահմանային անցակետերում», – զգուշացրել է դեսպանությունը:
Գերմանիան երկիրը հռչակում է «բարձր ռիսկային գոտի», եթե յոթ օրվա ընթացքում հարյուր հազար բնակչի հաշվարկով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցի 50-ը: Սեպտեմբերի սկզբից Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարացել է: Ավելի քան մեկ ամիս է վարակված մարդկանց օրական աճն արտահայտվում է եռանիշ թվերով:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 10 752 մարդու մոտ, ապաքինվել է 5 866 հիվանդ, մահացել է՝ 72-ը: