Ամռաը շատերն են որոշում իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, քանի որ այստեղ հանգիստ կազմակերպելը համեմատաբար ավելի հարմար է գնային առումով:
Շատ դեպքերում արտերկրներից եկողների հանգստի ճանապարհն անցնում է Ախալքալաքով: Շշատերը նախընտրում են որոշ ժամանակ հանգրվանել այստեղ և դրա պատճառները տարբեր են, դա կարող է լինել հայաբնակ վայրը ուսումնասիրելու, բարեկամ հարազատներին այցելելու, ինչպես նաև ճանապարհի երկարությունը կրճատելու ցանկությունը:
Վերջին շրջանում մարդկանց մեծ հոսքը նկատելի է հատկապես Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում, հյուրանոցներում, արագ սննդի կետերում և այլուր:
Jnews-ը զրուցել է Սոչիից ժամանած զբոսաշրջիկներից մեկի հետ, ով ընտանիքի հետ միասին մի քանի օրով մնացել է Ախալքալաքում: Զինաիդան մեզ հետ զրույցում ասաց, որ Բորջոմիում հանգստանալուց հետո որոշել են Թուրքիա գնալու համար անցնել այստեղով: Հանգամանքների բերումով մի քանի օր մնալու էին Ախալքալաքում՝ փորձելով այստեղ ևս հանգիստ կազմակերպել և ինչպես նա է նշում քաղաքի բնակիչները շատ ջերմ են ընդունել համեմատած այլ քաղաքների հետ, որտեղ եղել էին մինչ Ախալքալաք գալը:
Ախալքալաքի կենտրոնական այգին, չնայած շոգ եղանակին լի էր մարդկանցով, հիմնականում մարդաշատ էր խաղահրապարակի մոտակա տարածքը, որտեղ երեխաներն իրենց ծնողների հետ մեկտեղ ուրախ ժամանակ են անցկացնում, իսկ բացօթյա սրճարանում հավաքվել էին տղամարդիկ: Մեզ հետ զրույցում տեղացիներից շատերը նշեցին, որ իրենց արտերկրում ապրող հարազատների մեծ մասը հետ է գալիս ծննդավայրում հանցստանալու, իսկ հետո արդեն ծով գնալու նպատակով:
Ախալքալաքի ռեստորաններից մեկի մենեջերը ևս փաստում է, որ այս ամռան ամիսներին ավելի շատ այցելուներ են ունեցել, քան մյուս ամիսներին:
«Համաճարակից հետո իհարկե այցելուների քանակը շատ բարձր է, հիմնականում գալիս են Ռուսաստանից և Հայաստանից, տեղացիները ևս հաճախ են գալիս՝ իրենց հետ բերելով դրսից ժամանած հյուրերի»: