Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն երեկ՝ հունվարի 26-ին, այս տարվա առաջին նիստում հավանություն է տվել բյուջեի փոփոխություններին։ Քննարկվել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատանքի վերաբերյալ Պետական ​​աուդիտի ծառայության հաշվետվությունը, իսկ մասնավորապես քաղաքապետարանի ոչ առևտրային, շահույթ չհետապնդող իրավաբանական կազմակերպությունների միավորման թեման։

Երեկվա նիստի օրակարգում երկու հարց էր դրված.

1. 2022 թվականի դեկտեմբերի 28-ի բյուջեում փոփոխությունը։ Փոփոխությունների գումարը կազմում է 3 910 882,01 լարի։ Փոփոխությունների հետ պատգամավորներին ծանոթացրեց քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պետի պաշտոնակատար Կարեն Մերգելյանը։

Պատգամավորները դիտողություններ ունեին շրջանի գյուղերում ճանապարհների հարթեցման աշխատանքների, բարձրորակ լամպեր գնելու, Ախալցիխեից դեպի Ախալքալաք ճանապարհի մուտքի լուսավորության բարելավման վերաբերյալ, նաև առաջարկեցին Նալբանդյան փողոցն ազատել փողոցային առևտրից։

Պատգամավորները կողմ քվեարկեցին բյուջեի փոփոխություններին.

Դրանից հետո վերջիններս քննարկեցին օրակարգի երկրորդ հարցը՝ Պետական ​​աուդիտի ծառայության հաշվետվությունը։ Ծառայությունն առաջարկում է միավորել մունիցիպալիտետի ոչ կոմերցիոն, շահույթ չհետապնդող իրավաբանական կազմակերպությունները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին կից գործում է 14 իրավաբանական կազմակերպություն։ Պետական ​​աուդիտի ծառայության առաջարկը ներկայացրեց Ընթացակարգային, իրավական և էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիփան Շիպակցյանը։

Պատգամավորները քննարկեցին որոշ կազմակերպությունների աշխատանքը և որոշեցին նամակով դիմել քաղաքապետարան, առաջարկելով մունիցիպալիտետում գործող կազմակերպությունները միավորելու, իսկ թե որ կազմակերպությունը որ կազմակերպության հետ՝ թողեցին քաղաքապետարանի հայեցողությանը։