Jnews-ը կազմակերպեց նախընտրական թոք-շոու, որում 2020 թ. խորհրդարանական ընտրությունների թեկնածուները պատասխանեցին ընտրողների հարցերին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Գիտակցված ընտրություն» հաղորդման ձայնագրությունը, որը նաև հեռարձակվել է ուղիղ եթերով:
Ծրագրին մասնակցեցին հրավիրված 6 թեկնածուներից միայն 3-ը: Իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը վերջին րոպեին հրաժարվեց` ասելով, որ շտապ և կարևոր գործ է առաջացել:
Անկախ թեկնածու Հենզել Մկոյանը 2 օր առաջ հրաժարվել էր՝ ասելով, որ առողջական վիճակի պառճառով չի կարող մասնակցել:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանը սկզբում հրաժարվեց մասնակցել, քանի որ այդ օրը նախատեսվում էր կուսակցության հանրահավաքը Թբիլիսիում, բայց երբ պարզ դարձավ, որ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել, նա չպատասխանեց մեր զանգերին:
Թոք-շոուին մասնակցում էին «Տրիբունա» կուսակցության համամասնական ցուցակից Դավիթ Ռստակյանը, «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Մելիք Ռայիսյանը և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Սամվել Պետրոսյանը: