Նախկին զինվորական ավանի բնակիչները բողոքում են, որ տնամերձ տարածքներում շատ ծառներ կան, որոնք հին են և քամուց կոտրվում են, բայց ծառահատում չի իրականացվում կամ իրականացվում է մասնակի:Գայանե Հարությունյանը նախին զինվորական ավանի բնակիչ է: Նա պատմում է, որ երկար ժամանակ է ծառահատում չի իրականացվել, որն իր հերթին խնդիրներ էր առաջացրել:
«Ուժեղ քամու ժամանակ ծառի կեսը կոտրվեց և ընկավ: Եթե երեխաս մի քանի վայրկյան ուշ հեռանար այդ տարածքից, ապա իրեն վրա կընկներ», – ասում է նա:
Բնակիչները պատմում են, որ ծառերը շատ են, դրանցից մեծ մասը չորացած են և տարիքով: Հաճախ են լինում նման դեպքեր, երբ ծառը կոտրվում է և ընկնում:
Այս խնդրով զինվորական ավանի բնակիչները բազմիցս գրավոր դիմում են ներկայացրել քաղաքապետարան և հուսով սպասում են, որ ծառահատում կիրականացվի:
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը ևս փաստեց, որ ստացել են դիմումներ քաղաքացիների կողմից, սակայն ծառահատման աշխատանքներ կիրականացնեն գարնան սկզբին և ուշ աշնանը:
«Մեր տեղական ուժերով, աշնանը համապատասխան դիմումների համաձայն պատրաստվում ենք անցկացնել ծառահատում և տարածքի բարեկարգում, որպեսզի այդ հարցը լուծվի», – ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը: