Այսօր, նոյեմբերի 20-ին Ախալքալաքում տեղի ունեցավ նորընտիր Սակրեբուլոյի (Շրջանային ժողով) առաջին նիստը, որի ընթացքում նախ ճանաչվեց նորընտիր պատգամավորների իրավասությունները, որից հետո ձայների մեծամասնությամբ ընտրվեց Սակրեբուլոյի նոր նախագահ:

Ախալքալաքի նոր Սակրեբուլոյի առաջին նիստի ժամանակ նախ ելույթ ունեցավ Ժողովի արդեն նախկին նախագահ Համլետ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով անցած տարիների համագործակցության և դրական աշխատանքի համար, ապա շնորհավորեց և արգասաբեր գործնեություն մաղթեց նորընտիր Սակրեբուլոյին:

Այնուհետև Ախալքալաքի Ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը ներկայացրեց ընտրությունների արդյունքները և անուն առ անուն կարդաց նորընտիր պատգամավորների ազգանունները: Այսպիսով Ախալքալաքի նոր կազմավորված Սակրեբուլոն բաղկացած է 4 կուսակցություններից: «Եվրոպական Վրաստանը» և «Ազատ Վրաստանն» ունեն մեկական պատգամավոր, «Հայրենասերների դաշինքը»՝ հինգ, իսկ «Վրացական Երազանքը»՝ 31: Ժողովի կազմում են 38 պատգամավորներ, 23-ը մեծամասնական ընտրակարգով ընտրված, իսկ 15-ը կուսակցական ցուցակներով:

qvearkutyun

Սակրեբուլոն սկսեց իր աշխատանքը և ըստ կանոնադրության առաջին նիստը վարելու պատիվը վերապահվեց ամենատարեց պատգամավորին՝ Գայոս Լոմսաձեին: Վերջինս շնորհավորեց ներկաներին և հույս հայտնեց, որ նոր Սակրեբուլոն ավելի լավ կաշխատի և մարդկանց կյանքը հնարավորինս կհեշտացնի:

Ամենատարեց պատգամավորի ելույթից անմիջապես հետո ստեղծվեց երկու հանձնաժողով՝ մանդատային և հաշվիչ: Այս երկու հանձնաժողովները ժամանակավոր են և բաղկացած երեքական անդամներից: Նրանք են կազմակերպում Սակրեբուլոյի Նախագահի ընտրության ընթացակարգը: Այս հանձնաժողովների գործունեությունը դադարեցվում է հենց նիստի ավարտին:

Նախ ճանաչվեց Ժողովի անդամների իրավասությունները, որից հետո պատգամավորները ներկայացրին Սակրեբուլոյի նախագահի թեկնածուներին: «Վրացական երազանքը» առաջադրեց Նաիրի Իրիցյանի, իսկ «Հայրենասերների դաշինքը»՝ Զաքար Զաքարյանի թեկնածությունները: Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի երկու թեկնածուները հանդես եկան կարճ խոսքով, որից հետո ժամանակավոր մանդատային և հաշվիչ հանձնաժողովների օգնությամբ տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկություն: Արդյունքում, նիստերի դահլիճում ներկա պատգամավորներից 30-ը քվեարկեց Նաիրի Իրիցյանի, իսկ 7-ը՝ Զաքար Զաքարյանի օգտին: Իրիցյանը Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ ընտրվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

hancnajoxov

Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածու Ռոբինզոն Կավրելիշվիլիին, մնացած կուսակցությունները թեկնածու չառաջադրեցին, որից հետո տեղի ունեցավ քվեարկություն: Արդյունքում Ռոբինզոն Կավրելիշվիլին ընտրվեց 34 կողմ, 3 դեմ ձայներով:

Նիստի ավարտին Սակրեբուլոյի նորընտիր նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ նիստին ներկա պատգամավորները հաստատեցին Սակրեբուլոյի աշխատանքային կանոնակարգը:

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ախալքալաքի շրջանի բնակիչներն ընտրեցին օրենսդիր մարմնի պատգամավորներին: Ըստ Վրաստանի օրենսդրության՝ ընտրություններից հետո 30 օրյա ժամկետում պետք է հաստատվի Սակրեբուլոյի կազմը և նախագահ ընտրվի:

dahlij

Աղունիկ Այվազյան