Ախալքալաքի 15-րդ զինվորական ավանի բազմահարկ շենքերի և հարակից տների բնակիչները դիմել են Jnews-ի լրագրողներին՝ խնդրելով պարզել, թե արդյո՞ք քաղաքի այս հատվածի համար ժամանցի վայր կկառուցվի՝ ի պատասխան քաղաքապետարանին ուղղված իրենց նամակին։
Աղմաշենեբելի փողոցում մի քանի վայրերում բազմահարկ շենքեր կան, որտեղ շատ մարդիկ են ապրում։ Քաղաքի այդ տարածքներից է, այսպես կոչված 15-րդ ավանը։ Տեղացիներն այս տարածքն այդպես են անվանում, քանի որ ժամանակին խորհրդային տարիներին այս վայրում բանակն էր տեղակայված, խորհրդային բանակի դուրսբերումից հետո այդ բնակարաններում ապրում էին ախալքալաքցիները։ Երկար ժամանակ ուշադրություն չէր դարձվում 15-րդ ավանին, քանի որ տարածքի մի մասը պատկանում է Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Բնակիչները դժվարությամբ են հասել իրենց ճանապարհների ու բակերի ասֆալտապատմանը։ Այժմ նրանց անունից Ախալքալաքի քաղաքապետարանը գրավոր խնդրանք է ստացել՝ բազմահարկ շենքի բակում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար ժամանցի վայր կառուցելու վերաբերյալ։
Jnews-ը կապ հաստատեց քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե տեղական իշխանություններն ինչ արձագանք կունենան 15-րդ ավանի բնակիչների նամակին։ Ինչպես հայտնեցին Ախալքալաքի քաղաքապետարանից՝ իրենք ստորագրություններով հայտարարություն են ստացել բնակիչներից, և գուցե տեղական իշխանությունները ինչ-որ բան ձեռնարկեն ի պատասխան նամակի։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը, սակայն, հարցին, թե ինչ է արվելու, պատասխանեց, որ դա մեզ համար առայժմ թող գաղտնիք մնա։
«Բնակիչները դիմել են մեզ: Մենք չենք կարող մեր ազգաբնակչության նամակները մի կողմ թողնել: Չգիտեմ ինչ ասեմ: Թող ձեզ համար դա գաղտնիք մնա: Կիմանաք Սակրեբուլոյի նիստի ժամանակ»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը: