Այսօր Ախալքալաքի Ռեֆերալ կլինիկայում պետք է տեղի ունենար բուժաշխատողների պատվաստում, սակայն, քանի որ պատվաստման համար գրանցված բուժաշխատողների քանակը 10-ից քիչ էր, պատվաստումը չի կատարվել:

Այսօրվանից՝ մարտի 17-ից, Վրաստանում սկսվել է բուժաշխատողների զանգվածային պատվաստումը: Ախալքալաքի Ռեֆերալ կլինիկան բուժաշխատողների պատվաստման համար ստացել է «AstraZeneca» պատվաստանյութի 300 դեղաչափ՝ իմունացման երկու փուլերի համար: Այսօր կլինիկայում պետք է սկսվեր պատվաստման գործընթացը, սակայն գրանցված բուժաշխատողների քանակի քչության պատճառով այն չեղարկվել է: Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, մինչ այժմ գրանցվել է ընդամենը 7 աշխատակից:

Պատվաստանյութի մեկ սրվակը պարունակում է 10 դեղաչափ: Վրաստանը ստացել է «AstraZeneca» պատվաստանյութը, որը հարավկորեական արտադրության է:

«Հենց ունենանք 10 հոգի, մենք պատվաստումը կանցկացնենք: Ցավոք, եթե սրվակը բացենք, ապա այն պետք է օգտագործվի 6 ժամվա ընթացքում: Հարկավոր է գրանցվել Առողջապահության նախարարության համապատասխան հարթակում: Մեր մոտ պատրաստ է պատվաստասենյակը, ունենք բոլոր համապատասխան սարքավորումները: Առաջին բուժօգնության համար, կա հակաշոկային սարքավորում և այլն », – ասում է Ալեքսան Թորոյանը:

Իսկ այն, որ այսօր գրանցվածները քիչ էին, Ալեքսան Թորոյանը բացատրեց նրանով, որ շատերը չգիտեին, որ անհրաժեշտ է նախ գրանցվել:

vakcina

Ալեքսան Թորոյանի խոսքով, ցանկացած պատվաստանյութ ունի իր հիմնական դրական և բացասական կողմերը:

«Այժմ պատվաստումը կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցն է: Մեր բուժաշխատողները պետք է պատասխանատվությամբ մոտենան պատվաստմանը և չհավատան տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը: Պատվաստանյութն անվնաս է, դա արդեն ապացուցել են գիտնականները, իսկ հետևանքները չնչին են: », – ասում է Ալեքսան Թորոյանը:

Պատվաստվածներին տրվում է անձնագիր վրացերեն և անգլերեն լեզուներով: Այնտեղ նշում է, թե որ դեղորայքով է պատվաստվել անձը, և երբ է անհրաժեշտ կատարել պատվաստման երկրորդ ներարկումը:

vakcina pasport

Առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկման միջև տևողությունը պետք է լինի 8-ից 12 շաբաթ, եթե չկան որևէ բարդություններ:

Մարդը, ով արդեն վարակվել է կորոնավիրուսով, կարող է պատվաստվել ապաքինումից 4 ամիս անց: Սակայն, եթե մարդը չի հանձնել թեստ և չգիտի հիվանդ եղել է, թե ոչ, ապա հիվանդանոցը հակամարմինների առկայության թեստ չի անցկացնում:

«Պետությունը չունի զանգվածային իմունային թեստավորման ծրագիր», – ասաց Թորոյանը:

Նշենք, որ Ախալքալաքում պատվաստմանը մոտենում են թերհավատորեն և զգուշությամբ:

Պատվաստում՝ ընտրություն վիրուսի և համավարակն ավարտին հասցնելու հնարավորության միջև