Ախալքալաքում վերջերս բացված ակումբում տղամարդկանց մուտքն արգելված է: Ախալքալաքի համար նոր երևույթի, տեղական մտածելակերպի, վարքի կանոնների և կանանց գենդերային հիմնախնդիրների մասին խոսեցինք կանանց համար մասնագիտացված ակումբ բացած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ:
Այն փաստը, որ մենք մտնում ենք կանանց տարածք, հաստատվում է մուտքի նշանով` «Մոր և մանկան աշխարհ», այդպես են անվանել իրենց մտահաղացումն այն 3 կանայք, ովքեր բացել են ակումբը, թույլ տալով մուտքը միայն կանանց և երեխաներին: Ակումբի բոլոր անդամների համար հաճելի հանգստացնող երաժշտություն է միացված, հաճելի մթնոլորտ է տիրում, հարմարավետ խոհանոց կա, սուրճ, թեյ և զովացուցիչ ըմպելիք է մատուցվում: Մի բաժակ սուրճից հետո անբռնազբոս զրույց է սկսվում, մթնոլորտը այնքան հանգստացնող է, որ չես ուզում հեռանալ: Ակումբի սեփականատերերի մոտ կանանց համար ակումբ բացելու գաղափարն առաջացել է դեռ շատ վաղուց, դրա պատճառն այն էր, որ ի տարբերություն տղամարդկանց, Ախալքալաքում կանայք գնալու տեղեր չունեն, ընդհանուր առմամբ բոլոր բնակիչների համար քիչ են սրճարաններն ու ռեստորանները, նրանք փակվում են նույն հաջորդականությամբ, որով բացվում են.
Ակումբի հիմնադիրներից մեկն իր սեփական փորձով է զգացել կանանց համար նման վայր բացելու անհրաժեշտությունը: Ռուզան Քոշատաշյանը հիշում է, թե ինչպես իր փաստաբանի հետ ռեստորանում աշխատանքային հանդիպումը հանգեցրել է անծանոթ մարդկանց «ծուռ» հայացքներին: Չնայած նա խոստովանում է, որ այդ ժամանակվանից ի վեր տեղական մտածելակերպում շատ բան է փոխվել, և կանանց այսօր կարելի է տեսնել նույն ռեստորանում:
«Հիմա մենք որոշել ենք, որ բացելու ենք ակումբ զուտ կանանց համար, որտեղ կինը կարող է առանց խնդիրների գալ: Ի՞նչ եք կարծում, եթե տանը կինն ասի, որ մեկ ժամով գնում է ակումբ, ընդ որում իր հետ վերցնելով նաև երեխաներին, չեմ կարծում, որ ընտանիքում խնդիր կլինի, քանի որ տղամարդիկ գիտեն, որ սա զուտ կանանց ակումբ է, տղամարդիկ չեն գալիս այստեղ և հանգիստ կարող են իրենց կանանց թույլատրել հաճախել ակումբ», – ասում է Ռուզանը:
Ակումբը բաց է գրեթե միշտ, այստեղ կինը կարող է ֆիթնեսով զբաղվել, կարող է բերել իր երեխային և չանհանգստանալ, որ տանը ոչ ոք չկա: Ակումբը չի պատրաստվում սահմանափակվել միայն 4 սենյակով, կախված անհրաժեշտությունից՝ սեփականատերերը նախատեսում են ընդլայնել տարածքները:
«Ծրագրի նպատակը ոչ միայն այն է, որ կինը պարզապես դուրս գա տանից, այլ նաև երեխաներին զբաղեցնելու խնդիր է լուծում: Շատ կանայք, հատկապես երիտասարդները, ոչ ոք չունեն, որ երեխաներին թողնեն մոտը ու տանից դուրս գան, որ կարողանան հոգ տանել իրենց մասին, պարզապես իրենց զգան իրական կնոջ նման: Ապագայի համար մենք նախատեսում ենք բացել SPA սրահ, մերսում և յոգա, հրավիրել մասնագետների», – ասում է մեկ այլ հիմնադիր Տեփոյան Սիրանան:
Դեռևս ակումբն այնքան էլ հանրահաըտ չէ, շատերն էլ չգիտեն նրա մասին, իսկ ոմանք մտածում են ակումբին միանան, թե ոչ:
«Մարդիկ գալիս են մեզ մոտ, հետաքրքրվում են, իրենց դուր է գալիս մեզ մոտ: Նրանք հարցնում են, թե ինչ կարող են անել այստեղ, ո՞րն է կանանց ակումբի նպատակը: Մենք համբերատար բացատրում ենք, բոլորին դուր է գալիս, բայց իրենք իրենց դեռևս զուսպ են պահում: Մտածում են՝ գալ, թե ոչ: Բայց ես կարծում եմ, որ դրանից հետո երբ նրանք պարզեն, թե ինչպիսի կարգավիճակ ունենք, ինչպիսի՞ն է կանանց համար այս ոլորտը, նրանք կմտածեն և կգան մեզ մոտ: Այսօր մենք ունենք ավելի շատ հյուրեր, քան այցելուներ: Մենք արդեն ունենք ակումբի կանոնավոր անդամներ: Պաշտոնապես մենք արձանագրել ենք մոտ 10 հոգու, բայց ունենք այցելուներ, որոնք գալիս են մեզ մոտ մեկ ժամով, երեխաներին են բերում, ուսումնասիրում են», – ասում է Սիրանա Տեփոյանը:
Տանտիրուհիների խոսքով՝ ակումբը կանանց ազատություն է տրամադրում:
«Սկսենք նրանից, որ սա չեզոք տարածք է, որը մեզ ոչինչ չի պարտադրում: Կինն ազատություն է զգում, և նույնիսկ, եթե նա իր ընկերուհու հետ է մտնում, ոչ ոք չի անհանգստացնում, նրանք կարող են անկաշկանդ զրույց ունենալ: Երեխան զբաղված է և չի շեղում նրանց ուշադրությունը: Շատ հետաքրքիր ուսուցողական խաղալիքներ ունենք: Երեխան միայնակ չէ, միշտ դայակի հսկողության ներքո է: Ակումբը միշտ բաց է, հանգստյան օրեր չենք ունենում: Մեզ կարող ենք ազատորեն սուրճ և թեյ խմել: Օգտագործել խոհանոցը, բերել իրենց հետ սեփական ինչ-որ բան և թողնել այն սառնարանում, ճաշեր եփել, օրինակ, շիլա երեխաների համար և այլն», – ասում է Ռուզանը:
Անդամակցության վարձն ամսական 30 լարի է, անդամները կարող են անսահմանափակ օգտվել ակումբի ծառայություններից: Եվ եթե դուք չեք ցանկանում գրանցվել անդամակցության համար, ապա կարող եք օգտվել անհրաժեշտ ծառայություններից` վճարելով մեկ ժամի համար 4 լարի:
Այնուամենայնիվ, անհնար է ասել, որ բոլորն անպայման կօգտագործեն ակումբի ծառայությունները: Տարածքի կանանց շրջանում մի փոքր հարցում կատարեցինք: Հարցման արդյունքների հիման վրա պարզվեց, որ քաղաքում կան կանայք, ովքեր չգիտեն, բայց կուզենային գնալ ակումբ: Մյուսները պատասխանեցին, որ ամեն ինչ կախված է ամուսնուց, եթե նա թույլ է տալիս, ապա ինչու ոչ: 45 և ավելի տարեկան գյուղացի կանայք հրաժարվել են ակումբ գնալ՝ ասելով, որ առօրյա կյանքով շատ են զբաղված, և ժամանակ չունեն: Շատ դեպքերում գյուղերում երիտասարդ կանայք կցանկանային գնալ նման ակումբ, եթե այն իրենց գյուղում լիներ, բայց կային նաև այնպիսիք, ովքեր կտրականապես հրաժարվում էին որևէ ակումբ հաճախել:
Քրիստինե Մարաբյան