«Ազգային ֆորում» կուսակցությունը Ախալքալաքում մեծամասնական կարգով առաջադրել է Արմեն Պոլորչյանի թեկնածությունը: Վերջինս ընտրողներին խոստումներ չի շռայլում, սակայն պատրաստ է աշխատել շրջանում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ:

«Ես պատրաստ եմ մտնել քաղաքականություն, որովհետև մեր շրջանում շատ մարդիկ, երիտասարդները գտնվում են շատ դժվարին վիճակում, այսինքն ընտանիքներից հեռու, բարձրագույն կրթությամբ մարդիկ չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ: Տեղի երիտասարդությունը անգործ է, աշխատատեղեր չկա և այս ամենից ելնելով որոշեցի քաղաքականություն մտնել: Եթե կարող եմ ինչ-որ մի բանով ժողովրդին օգնել, ուրեմն պետք է անեմ դա: Շատ դժվար է պատգամավորի աշխատանքը, պետք է անդադար աշխատես, յուրաքանչյուր հարցի սրտացավությամբ մոտենաս: Պատրաստ եմ անմնացորդ նվիրվել և աշխատել իմ ժողովրդի համար»,- ասաց մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Արմեն Պոլորչյանը:

Չնայած այն հանգամանքին, որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, «Ազգային ֆորումի» կողմից առաջադրված թեկնածուի նախընտրական տեղեկատվական պաստառներն ու ծրագիրը դեռևս տպագրության փուլում են գտնվում:

«Գյուղերում մի քիչ դժվար է, չեմ ուզում մարդկանց կտրել աշխատանքից, բերքահավաք է, հասկանում եմ մարդկանց վիճակը: Մոտ 20-25 գյուղ գնացել եմ»,- ասաց Արմեն Պոլորչյանը:

«Ազգային Ֆորումի» նախընտրական ծրագիրը բաղկացած է 7 հիմնական կետերից, որտեղ ուշադրության կենտրոնում են՝ երկրի անվտանգությանը, առողջապահությանը, էմիգրացիային և տնտեսությանը վերաբերող խնդիրները:

Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Ֆորումը առաջնորդվում է հետևյալ սկզբունքով.

««Ազգային ֆորումը» ոչ մի հարևան, սահմանակից պետության հետ չի ուզում վատ հարաբերություններ ունենալ, այլև հակառակը»,- նշեց «Ազգային ֆորումի» կողմից Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Արմեն Պոլորչյանը:

Արմեն Պոլորչյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, ապրել է Ասպինձայում: Այժմ վրաց լեզու է դասավանդում Գումբուրդո գյուղի հանրային դպրոցում: Կրթությամբ իրավաբան – տնտեսագետ է: Ախալքալաքի շրջանային ժողովի անդամ է: Տիրապետում է 4 լեզվի՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն:

Աղունիկ Այվազյան