Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ օրով երկարացրել է այն ժամկետը, որի ընթացքում մեկուսացված ընտրողները կարող են զանգահարել և պահանջել շարժական քվեատուփ ընտրություններին մասնակցելու համար:

ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ մեկուսացված անձինք այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ից 14:00 կարող են պահանջել շարժական քվեատուփ:

Մեկուսացված անձանց համար շարժական քվեատուփով քվեարկելու համար գրանցվելու վերջնաժամկետը լրանում էր հոկտեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:

Ժամկետի երկարացման նախաձեռնությամբ հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Դավիթ Գուրգենիձեն: Նա նշել է, որ մեկուսացված մարդկանց թիվն աճում է, իսկ ժամկետի հետաձգումը հնարավորություն կտա էլ ավելի շատ քաղաքացիների մասնակցել ընտրություններին:

Անցյալ շաբաթ ԿԸՀ-ն որոշում կայացրեց, համաձայն որի հիվանդանոցներում և մեկուսացված ընտրողներին հնարավորություն է տրվում քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կարանտինային գոտիներում և հիվանդանոցներում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները, կբացվեն 127 ընտրատեղամասեր:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն ասաց, որ ավելի քան 1,5 հազար մարդ պաշտոնապես դիմել է հանձնաժողով` իրենց շարժական քվեատուփեր տրամադրելու խնդրանքով:

Հոկտեմբերի 25-ի դրությամբ՝ տվյալների բազայում գրանցվել են մինչև 9 հազար ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք ընտրությունների օրը մեկուսացված են:

ԿԸՀ-ն մեկուսացված քաղաքացիներին կոչ է անում լինել ակտիվ, զանգահարել տեղեկատվական կենտրոնին՝ 2-51-00-51 (0) հեռախոսահամարով և ժամանակին պահանջել շարժական քվեատուփի ծառայությունը:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու դաշինք: Ընտրողները պետք է ընտրեն 150 պատգամավորի, 120-ին՝ ըստ համամասնական, իսկ 30-ին՝ ըստ մեծամասնական համակարգի: