Առողջապահական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ մարտի 1-ից դեղատներում բազմաթիվ դեղամիջոցներ պետք է վաճառվեն միայն էլեկտրոնային դեղատոմսերով։ Առանց դեղատոմսի որոշակի կատեգորիայի դեղերի վաճառքի դեպքում դեղատները կարող են տուգանվել 500 լարիով, իսկ կրկնվելու դեպքում՝ 1000 լարիով։
Ախալքալաքի որոշ դեղատներ վերջերս փորձնական գնման արդյունքում տուգանվել են դեղեր վաճառելու համար, որոնք, Առողջապահության նախարարության որոշմամբ, առանց բժշկի էլեկտրոնային դեղատոմսի չի կարելի վաճառել դեղատներում։ Ախալքալաքի ոչ ցանցային դեղատները կարծում են, որ այս փոփոխություններն ավելի շատ ուղղված են փոքր դեղատներին շուկայից դուրս մղելուն:
«Մեզ տուգանել են առանց նախազգուշացման: Բայց դա չէ հարցը, պետությունն ընդունել է այս օրենքը, մենք պետք է հետևենք դրան: Բայց մենք տեսնում ենք, որ բժիշկները դեղատոմսեր են գրում և բանավոր ասում իրենց բուժառուներին, որ գնեն այդ դեղերը հենց ցանցային դեղատներից որևէ մեկում: Մեր բնակչության համար բժշկի ուղեգիրը շատ կարևոր է, քանի որ բժիշկն ասում է այնտեղ, ուրեմն պետք է գնել այնտեղ: Գործնականում յուրաքանչյուր կլինիկա ունի իր ցանցային դեղատունը, և, բնականաբար, նրանք իրենց հիվանդներին ուղղորդում են իրենց դեղատներ: Երկրորդ, եթե մեզ մոտ գան առանց դեղատոմսի, և մենք մերժենք նրանց, նրանք կգնան ցանցային դեղատներ, որոնք, դիմելով կլինիկաներում իրենց բժիշկներին, կարող են հեշտությամբ էլեկտրոնային դեղատոմսեր գրել տալ: Ստացվում է, որ մենք կկորցնենք հաճախորդներին, քանի որ չունենք մեր սեփական կլինիկաներն ու բժիշկներին, որոնք կարող էին արագ էլեկտրոնային դեղատոմս տալ։ Եթե չեն ուզում, որ մենաշնորհ լինի, թույլ չպիտի տան, որ նույն ընկերությունն ունենա և՛ կլինիկա, և՛ դեղատուն»,- ասում է Ախալքալաքի փոքր դեղատներից մեկի սեփականատերը։
Դեղագործների խոսքով, դժվար է հրաժարվել վաճառել առանց դեղատոմսի դեղորայքը, ինչպիսիք են ցավազրկողները, ալերգիայի դեմ դեղերը և այլն:
«Մեզ չեն տուգանել: Հիմա, ինչպես ես հասկացա, գնորդներն էլ կդժվարանան, քանի որ, օրինակ, նիմեսիլի գնելու համար պետք է գնալ հիվանդանոց և բժշկից դեղատոմս վերցնել: Մեզ համար՝ դեղատներիս համար, սա վատ է, քանի որ մենք կարող ենք պարզապես հաճախորդներ կորցնել, քանի որ քո հաճախորդը կարող է գնալ և ճանապարհին այլ դեղատնից դեղեր գնել: Որքան գիտեմ, բժիշկները դեռ հնարավորություն չունեն էլեկտրոնային դեղատոմսեր լրացնելու: Չգիտեմ, ոչ ցանցային դեղատները կկարողանան գոյատևել, բայց ինչ-որ չափով հասկանում եմ, որ մենք հաճախորդների կորուստներ կունենանք»,- ասում է Ախալքալաքի դեղագործներից մեկը։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, բժիշկները ոչ միայն պատրաստված են էլեկտրոնային դեղատոմսեր տրամադրելու համար, այլ արդեն մի քանի ամիս է աշխատում են դրանցով։
«Պացիենտները պետք է դիմեն իրենց թաղային բժիշկներին: Ոչ բոլոր դեղերին է վերաբերում էլեկտրոնային դեղատոմսը: Մենք դեղատները չենք ընտրում, մենք էլեկտրոնային համակարգում ենք դեղերը դուրս գրում: Այնտեղ կան դեղատներ, որոնք ընտրել է Առողջապահության նախարարությունը, որ այս դեղատները պետք է աշխատեն տվյալ ծրագրի շրջանակներում: Մենք չենք տեսնում, թե ուր են գնում այդ դեղատոմսերը: Պացիենտը գնում է այս կամ այն դեղատնից, դա կախված չէ բժիշկներից»,- ասում է Ալեքսան Թորոյանը։
Առողջապահության նախարարությունը պնդում է, որ բոլոր դեղատները կարող են դեղեր վաճառել, եթե կա էլեկտրոնային դեղատոմս։
«Յուրաքանչյուր դեղատուն պարտավոր է էլեկտրոնային դեղատոմսով թողարկել 2-րդ խմբի և հոգեմետ դեղերը, բայց կան բացառություններ, գյուղական դեղատները, որտեղ ինտերնետ կամ համակարգիչ չկա, հնարավորություն ունեն թղթի վրա դեղատոմսեր գրելու, կապ չունի՝ դեղատունը կլինի մեծ թե փոքր, ամեն դեպքում անհրաժեշտ է օգտագործել էլեկտրոնային դեղատոմսեր՝ անկախ լիցենզիայից (ունեն-չունեն): Եթե դեղատունը 2-րդ խմբի դեղեր կամ հոգեմետ դեղեր վաճառի առանց դեղատոմսի, ապա կտուգանվի 500 լարիով, կրկնակի խախտման դեպքում՝ 1000 լարի»,- պարզաբանեցին Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ Jnews-ն իր փորձնական գնումն իրականացրել է Ախալքալաքի ցանցային երկու դեղատներում։ Նրանք հանգիստ վաճառում էին «նիմեսիլ»-ը և «լևոմիցետին»-ը՝ առանց դեղատոմսի, որոնք ներառված էին դեղատոմսով թողարկվող դեղերի ցանկում։ Հարցին, թե արդյո՞ք դեղերը չպետք է թողարկվեն դեղատոմսով, դեղատներից մեկում ասացին, որ սա ավելի շատ բժիշկներին, քան դեղատներին է վերաբերում:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից Վրաստանի բուժհաստատությունների բժիշկները պարտավոր են երկրորդ խմբի դեղեր նշանակել միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Այդ մասին այնուհետ հայտնել են Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Էլեկտրոնային դեղատոմսերը, այդ թվում՝ պետք է տրվեն բոլոր քաղաքացիներին, ովքեր դուրս են գրվում հիվանդանոցներից։
Ատամնաբուժարանները նույնպես պետք է աշխատեն ատամնաբույժի կողմից նշանակումների դեպքում։ Բացառություն են կազմում միայն գյուղաբնակ բժիշկները, նրանց թույլատրվում է դեղատոմսերը գրել թղթի վրա։ Առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ նախատեսվող փոփոխությունների հետ կապված՝ բոլոր դեղատները պետք է ունենան անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորությունները։
Դեղամիջոցների երկրորդ խմբին են պատկանում դեղագործական արտադրանքները, որոնց չարաշահումը կարող է էական վնաս հասցնել մարդու առողջությանը կամ կյանքին, ինչպես նաև դեղերը, որոնց ցուցումներում ասվում է, որ այն խորհուրդ չի տրվում ընդունել առանց բժշկի նշանակման։ Դրանք հակաբիոտիկներն են, հորմոնալ միջոցները, հակադեպրեսանտները:
Երկրորդ խմբի դեղերի ցանկը կարելի է տեսնել այստեղ