Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Ախալքալաքի մշակույթի տանը կանցկացվի բարեգործական համերգ և նկարչական ցուցահանդես, դրամական միջոցներ հավաքելու լեյկոզով հիվանդ 21-ամյա աղջկա բուժման համար:

Ադիգենցի Խատիա Պարունաշվիլին հիվանդ է սուր լեյկոզով և ներկայումս բուժում է ստանում Թուրքիայում:

Արդեն 2-3 շաբաթ է, ինչ տարբեր ակցիաներ են անցկացվում Սամցխե-Ջավախքում` աղջկա բուժման համար միջոցներ հավաքելու նպատակով:

Խատիայի բուժման համար հարկավոր է 72 000 դոլար, իսկ ընտանիքն այդպիսի գումար չունի: Բարեգործական համերգ կազմակերպելն Ախալքալաքի ակտիվ երիտասարդության գաղափարն էր: Ախալքալաքում ակցիաներ անցկացնելու հիմնական նախաձեռնողներից մեկը՝ Հոկամ գյուղից Գրիգոլ Օքրոաձեն է, նա ֆեյսբուքի միջոցով առաջինն էր ակցիայի մասին իմացել: Նա որոշեց ակցիայի մասշտաբներն ընդլայնել մինչև Ախալքալաք, և արդյունքում շատ երիտասարդներ միացան և խանդավառությամբ սկսեցին իրականացնել տարբեր միջոցառումներ:

Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի պետական ​​կառավարման բաժնի առաջին կուրսի ուսանող Գրիգոլ Օքրոաձեն հույս ունի, որ համերգի միջոցով բավականաչափ միջոցներ կհավաքի Խատիային որոշ չափով օգնելու համար:

Համերգին հանդես կգան «Մուրջի», «Ջավախք» պարային համույթները, Վաչիան գյուղի անսամբլը, ելույթ կունենան երգիչներ Ախալցիխեից: Մշակույթի տան ճեմասրահում զուգահեռ անցկացվելու է Գեղարվեստի դպրոցի նկարների ցուցահանդես, ինչպես նաև Սուրբ Զոսիմե Կումուրդեցու անվան գիշերօթիկ դպրոցի աշխատանքները:

Համերգի տոմսեր չկան, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել աղջկա բուժման համար, կարող է գումարը հանգանակել թափանցիկ տուփերի մեջ, որոնք համերգի ընթացքում կլինեն Մշակույթի տան նախասրահում:

Ախալքալաքում, տարբեր մայրուղիների և ճանապարհների վրա, երիտասարդները ևս մեկ ակցիա են իրականացնում՝ պաստառների միջոցով, նրանք անցորդներին տեղեկացնում են աղջկան օգնելու և գումար հավաքելու անհրաժեշտության մասին: