Մայիսի 13-ին Ախալքալաքում տեղի կունենա «Երիտասարդների աչքերով» խորագիրը վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։ Հեղինակները Ջավախքի երիտասարդներն են, ովքեր ֆիլմեր են պատրաստել «GIPA MEDIA LAB» դասընթացների շրջանակներում։
«Երիտասարդների աչքերով» խորագրով միջոցառումը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 16։00-ին Ախալքալաքի «ԳրանդՄուր» հյուրանոցի սրահում (Մ․ Մաշտոցի արձանի հարևանությամբ)։
Ցուցադրությանը կհաջորդի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ 3 լավագույն ֆիլմերը կստանան մրցանակներ։ Լավագույններին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, որի անդամներն են մրցանակակիր կինոգործիչ Աննա Ձիապշիպան, «Ռոյթերս»-ի լրագրող Սոֆո Մեղրելիձեն և «Ինդիգո» ամսագրի խմբագիր Նինո Լոմաձեն։ Ցուցադրության մուտքն ազատ է։
«GIPA MEDIA LAB» դասընթացները նախաձեռնել և իրականացնում է Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտը (GIPA)՝ Վրաստանում Ամերիկայի դեսպանատան հովանավորությամբ։ 2016-ից սկսած Ախալքալաքում և Նինոծմինդայում ամեն երկրորդ շաբաթ և կիրակի օրերին անցկացնում են լրագրության, ֆիլմարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներ, որոնց մասնակցում են ինչպես Ախալքալաքի և Նինոծմինդայի, այնպես էլ հարակից գյուղերի ավարտական դասարանների երեխաներ։ Դասընթացներն անվճար են։ Ծրագրի շրջանակներում ամեն տարի ի թիվս այլ մրցանակների, 2 շրջանավարտ 4 տարի GIPA-ում անվճար սովորելու հնարավորություն է ստանում։
GIPA MEDIA LAB` «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակույթ Վրաստանի համար» ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին գիտելիքներ փոխանցել հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռներեցության, ինչպես նաև մեդիա գրագիտության վերաբերյալ, որոնք ժամանակակից աշխարհում կարևոր են բոլոր մասնագիտությունների համար։ Դասընթացներն անցկացվում են նաև Քվեմո-Քարթլիի շրջանում։