Սամցխե-Ջավախքում տարբեր ժամանակներում հայտարարվել է 10 լայնածավալ նախագծերի մասին, սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկը չի իրականացվել։ Դրանցից մեկը պետք է նպաստեր Ախալքալաքի 5 գյուղերի զբոսաշրջության զարգացմանը։ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրություն է իրականացրել խոստացված և չիրականացված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։

Ինչպես գրում է «TI Georgia»-ն՝ այս նախագծերը նախապատրաստելու համար կառավարությունը ձեռք է բերել 14 փաստաթուղթ՝ 1 102 844 լարիի արժողությամբ։ Որից 1 023 244 լարիի (92,7%) նախագծային փաստաթղթերը ձեռք են բերվել ուղղակի կարգով կատարված գնումների կամ առանց մրցույթի տենդերների միջոցով:

Կազմակերպությունը եզրակացնում է, որ եթե կառավարությունն այսօր որոշի իրականացնել այդ նախագծերը, ապա գնված փաստաթղթերի մի մասն այլևս պիտանի չէ և փոխարինման կարիք կունենա, և, հետևաբար, բյուջետից կպահանջվեն լրացուցիչ ծախսեր։

Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը, որը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր։ Այն պետք է ներառեր 10 գյուղեր՝ Տոլոշի, Խերթվիսի, Նաքալաքևի, Թմոգվի, Միրաշխանի, Գումբուրդո, Գոգաշեն, Ափնիա, Խավեթ և Դավնիա։

2015 թվականի հունվարի 26-ին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հրամանով, Ասպինձեի և Ախալքալաքի մունիցիպալիտետների տարածքում՝ Քուռ գետի հովտի երկայնքով 20 կիլոմետրանոց հատվածում, սկսվել է «Մշակութային և լանդշաֆտային քաղաքաշինական փաստաթուղթ – Վարձիա-Խերթիսի-Օլոդաս»-ի մշակումը։ Նախարարությունը գնման ձևով պայմանագիր է կնքել «Գեոգրաֆիկ» ՍՊԸ-ի հետ 485 հազար լարիով։

Հենց այս փաստաթղթի հիման վրա պետք է մշակվեին պլանավորման սկզբունքները, որոնք հետո պետք է հաստատվեին մունիցիպալիտետների կողմից: Եվ հետո արդեն կսկսվեր այս տարածքների զբոսաշրջային զարգացումը։

Նախագծի մշակումից հետո հեղինակները շնորհանդես են անցկացրել Ախալքալաքի սակրեբուլոյում։ Այնտեղ ասվում էր, որ ապագայում Ախալքալաքի գյուղերում նախագիծը կիրականացվի Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Սակայն այս գյուղերում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Սամցխե-Ջավախքում խոստացված և չկատարված խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին «TI Georgia»-ի նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: