2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Նինոծմինդայում այսպես կոչված «խելացի տեսախցիկները» արձանագրել են 743 խախտում: Բոլոր խախտումները վերաբերում են տեխզննում չանցնելուն։ Տուգանվածներից 738-ը ֆիզիկական անձինք են, 5-ը՝ իրավաբանական:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկված 743 իրավախախտներից 168-ն օգտվել է 20% զեղչից՝ վճարելով տուգանքը 10 օրվա ընթացքում, մնացածը վճարել են ամբողջությամբ, ֆիզիկական անձանց դեպքում՝ 50 լարի, իրավաբանական անձանց դեպքում` 200 լարի:
Ախալքալաքում նույն ժամանակահատվածի տեսատուգանքները տարաբնույթ են եղել: Այստեղ արձանագրվել է 4234 խախտում։
Ախալքալաքում խախտումների մասին մանրամասն կարդացեք այստեղ. Ախալքալաքում վարորդ է տուգանվել մեքենայից աղբը նետելու համար. վիճակագրություն
Ախալցխայում խախտումների պատկերն ավելի բազմազան է։ Այստեղ 8 873 տեսատուգանքներից 7 003-ը տեսախցիկներով է ֆիքսվել արագությունը գերազանցելու համար, 1 373-ը՝ տեխզննում չանցնելու, 65-ը՝ մեքենա վարելիս ամրագոտին չկապելու, 376-ը՝ ճանապարհային երթեւեկության կանոնների տարբեր խախտումների, օրինակ՝ երթեւեկության կանոնների, ճանապարհային նշանների, գծանշումների և այլ պահանջների խախտման համար: