Աբխազիայում ծնված, Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացի Արչիլ Չիտաիան արդեն 5 օր է փորձում է հասնել նրան, որ Վրաստանի սահմանապահ ծառայությունը թույլ տա նրան վերադառնալ հայրենիք՝ Թբիլիսի։ Jnews-ը փորձել է պարզել, թե ինչի՞ հիման վրա նրան թույլ չեն տվել երկիր մուտք գործել։
Արչիլ Չիտաիայի քույրը՝ Նեստան դիմել է Jnews-ի խմբագրությանը։ Արչիլը 5 օր է՝ չի կարողանում հատել Վրաստանի հետ սահմանը և վերադառնալ տուն՝ Թբիլիսի, որտեղ նա Կազանից տեղափոխվել էր մի քանի տարի առաջ։ 1992 թվականին Աբխազիայում ծնված Արչիլ Չիտաիան, ինչպես և նրա ընտանիքը, փախստական են Աբխազիայից։ Գնացել էր Կազան՝ հոր հուղարկավորությանը, բայց արդեն վերադառնալիս Վրաստան՝ չէր կարողացել մուտք գործել երկիր։
«Աբխազիայի պատերազմի ժամանակ հայրիկին 2 անգամ գնդակահարության էին դատապարտել, այն ժամանակ մենք շատ բան ենք ապրել: Մեր ամբողջ ընտանիքի «ծննդավայր» սյունակում Աբխազիա է գրված, մենք ՌԴ քաղաքացիներ ենք։ Եղբայրս 4 տարի բազմիցս հատել է սահմանը՝ Ռուսաստանից Վրաստան: Այս ամբողջ ընթացքում Գոգուա ազգանվամբ սահմանապահը նրան ուղղակի չի թողել Վրաստան: Չեն էլ զգուշացրել, որ սա վերջին անգամն է, կամ, որ օրենքը փոխվել է, փոխե՛ք անձնագիրը, որպեսզի անձնագրում գրվի կա՛մ ԽՍՀՄ, կա՛մ Վրաստան… Բայց նրանք ասում են՝ չէ, չենք թողնի: Մուտքի արգելք են գրել նրա անձնագրում: Ռուսաստանում ասում են՝ չեն կարող գրել ԽՍՀՄ, նրանք նոր կանոնակարգ ունեն, իսկ ի՞նչ անել: Որպես մարդ, վրացի, իսկ Ռուսաստանում միլիոն վրացի է ապրում, որից առնվազն 1500-ը՝ փախստական են, ինչպե՞ս նրանք գան այստեղ: Նա արդեն ուզում էր դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար», – պատմում է Արչիլի քույրը՝ Նեստա Չիտայան։
Սահմանին նրան հանձնվել է ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչությունից «Վրաստանի պետական սահմանին վրացական վիզա տրամադրելուց հրաժարական կամ Վրաստան մուտքի հրաժարական» փաստաթուղթը, որում նշված է «Անձը չունի Վրաստան մուտք գործելու համար Վրաստանի օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր» կետը:
«Նա իր ընկերուհու հետ է եղել, վերջինիս ներս են թողել: Նա ևս ՌԴ քաղաքացի է: Ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարություն, դիմումներ եմ ուղարկել, բոլոր տվյալները, նկարները: Այստեղ նա վարձակալություն ունի, հարկեր էր վճարում: Մեզ ասացին, որ զբաղվում են այս գործով, բայց երեկվանից դեռ չեն զանգել: Զանգահարեցի նաև նախագահի վարչություն, ասացի, որ կդիմեմ լրատվամիջոցներին, ինձ պատասխանեցին՝ խնդրեմ, գլխավորը ձեզ դրանից ավելի վատ չլինի»,- պատմում է Նեստա Չիտայան։
Ինչու՞ հնարավոր չէ Վրաստանի հետ սահմանը հատել ռուսական անձնագրով, որում «ծննդավայր» սյունակում գրված է «Աբխազիա», Jnews-ը փորձեց պարզել Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի գրասենյակից։
«Երեկ մենք այս տեղեկությունը փոխանցել ենք այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս գործով, և այսօր սպասում ենք պատասխանի։ Վրաստանում նման օրենք չկա, որը վերաբերում է նման դեպքերին, բայց եթե ՌԴ քաղաքացու անձնագիրը տրվել է Սոխում քաղաքում, այսպես կոչված ՌԴ դեսպանատանը, ապա այդ փաստաթուղթը համարվում է անվավեր»,- մեկնաբանում է Զվիադ Զվիադաձեն։
Վրաստանի ՆԳՆ Պարեկային ոստիկանության վարչությունից, որն արգելել է Արչիլ Չիտայայի մուտքը, Jnews-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեցին, որ այս դեպքում ներս թողնել-չթողնելու որոշումը կայացնում է սահմանապահը։
«Այն, որ օկուպացված տարածքը չի նույնականացվում ծննդյան վայրի (խմբ.՝ չի նույնականացվում որպես ինքնիշխան երկիր) միջոցով, ուրեմն սահմանապահն իրավունք ունի նրան երկիր չթողնել։ Ինչո՞ւ էին նախկինում նման անձնագրերով մարդկանց ներս թողնում, չեմ կարող ասել։ Սահմանապահից է կախված, նա դրա իրավունքն ունի։ Ազգությունը նշանակություն չունի: Եթե այս անձից լիազորագիր ունեք, ում ներս չեն թողել, դուք կարող եք գալ պարեկային ոստիկանություն, հայտարարություն գրել, և ձեզ պաշտոնապես կպատասխանեն, թե ինչու նրան թույլ չեն տվել մտնել Վրաստան»։
Նման դեպքերը, երբ այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս սահմանին ներս մտնել, հաճախ են լինում, տարբեր դեպքերում պատճառն այլ է, և սահմանը հատողների համար այն միշտ չէ, որ հասկանալի է։