Վրաստանի խորհրդարանի 10-րդ գումարման նիստի բացմանը զուգահեռ՝ հինգ ընդդիմադիր կուսակցություններ համատեղ երեք փաստաթուղթ են ստորագրել:
Առաջինը՝ հայտարարությունն է հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին, քանի որ դրանք կեղծվել են: Նույն փաստաթուղթը պարունակում է ընդդիմության հիմնական պահանջները, ներառյալ վերընտրությունների նշանակումը:
Երկրորդ փաստաթուղթը՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում տեղեր ստացած ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորականի մանդատներից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունն է:
Երրորդ փաստաթուղթը կոչ է` ուղղված Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային` «կուսակցական ցուցակները բացահայտելու» խնդրանքով:
Հուշագիրը ստորագրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Եվրոպական Վրաստան», «Միացյալ ազգային շարժում», «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունները: «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլիի. Քաղաքացիներ» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել ստորագրմանը: