Խորենիա գյուղում մարդիկ արդեն համակերպվել են ապրել խնդիրներին զուգահեռ։ Կյանքն այստեղ լի է դժվարություններով, մի խնդիրը դեռ նոր էր լուծվել, գյուղացիներն արդեն բախվում են մյուսին։
Ընդամենը երկու տարի է գյուղում լուծվել է խմելու ջրի խնդիրը, բնակիչների մեծ մասն արդեն լոգարան և սանհանգույց ունի, բայց սա էլ իր հերթին է խնդիրներ առաջացրել: Բանն այն է, որ որոշ գյուղացիներ կոյուղիները գետն են կապել, որոշները հոր են փորել, իսկ ոմանք էլ պարզապես ինքնահոսի են թողել:
«Ամառվա այս շոգին անտանելի հոտ է գալիս, այդպես թողնելու փոխարեն, գոնե հոր փորեն, կոյուղու կողքով անցնել անհնարին է», – ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Մինչ մշտական խմելու ջուր ունենալը գյուղացիները ջրհորի ջուր էին խմում, այժմ ջրհորները փակ են:
Խորենիա գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հողագործությունը բնակիչների հիմնական եկամտի աղբյուրն է: Սակայն ոռոգման ջրի խնդրի պատճառով մարդիկ ստիպված հրաժարվել են ջրովի մշակաբույսեր մշակելուց:
«Ոռոգման հնարավորություն ընդհանրապես չունենք: «Գյուղին օգնություն» ծրագրից ստացած գումարով փորձեցինք հարևան գյուղից ջուր բերել, մոտ 3 կիլոմետր տարածք պետք էր խողովակներով անցկացնել ջուրը, մեր գումարը բավականացրեց 1 կիլոմետրի համար կիսատ մնաց և չկարողացանք ջուրը գյուղ հասցնել», – Jnews-ի հետ զրույցում ասաց Խորենիայի բնակիչ Շահեն Գևորգյանը:
Խորենիայի գյուղապետ Արկադի Ֆիդանյանի խոսքով, իրենց գյուղն ունի մոտ 280 հեկտար ցանքատարածություն, որից 80 հեկտարը հնարավոր չէ ոռոգել, 2008 թվականին են փորձել ոռոգման ջուրը հասցնել գյուղ, բայց ծրագրի գումարը չի բավականացրել։
«Շատ մեծ գումար է անհրաժեշտ ծրագիրն իրականացնելու համար: «Գյուղի օգնություն» ծրագրով կամ մունիցիպալիտետի օգնությամբ չենք կարող իրականացնել, սա արդեն պետական հարց է, բայց ինձ չի թվում, որ պետությունը այդքան մեծ գումար կներդնի 80 հեկտար ցանքատարածություն ոռոգելու համար», – Jnews-ի հետ զրույցում ասաց Արկադի Ֆիդանյանը։
Գյուղացիների խոսքով, հացահատիկից ստացած եկամուտը շատ քիչ է, իսկ կարտոֆիլի համար հարմար պայմաններ չունենալու պատճառով վարձակալում են հարևան գյուղի հողատարածքները: