Դեռևս 2016 թվականից սկսվել էին Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Վերանորոգման աշխատանքների սկզբին JNEWS-ին հայտնել էին, որ աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն 2018 թվականին որպես վերջնական թիվ նշեցին 2021 թվականը, այսինքն՝ ոչ թե 3, այլ՝ 5 տարի։ Բայց ինչպես երևում է, 2021 թվականին նույնպես ավարտին չհասցվեց եկեղեցու վերականգնումը, ու քանի որ դեռ շատ գործ կա անելու, այն 2022-ին նույնպես ավարտին չի հասցվի։
Այս տարի վերանորգման աշխատանքները վերսկսվել են հունիս ամսից, աշխատանքները շարունակում են ՍՊԸ «Արքիտեքսի» աշխատակիցները։
«Աշխատանքները սկսել ենք հունիսին, այս տարի մեր ծրագրի մեջ է մտնում, որ փակենք դիմացի դարպասը, և դարպասից աջ հատվածը վերանորոգենք մինչև կտուր։ Եղանակային պայմանները եթե չխանգարեն այդ աշխատանքների համար մեզ հարկավոր կլինի մեկ-երկու ամիս»,- ասաց ճարտարապետ Բեսո Ղոլբաիան։
Նա նաև նշեց, որ հիմա որոշվում է գմբեթի հարցը, դեռ որոշված չէ, թե ինչից պետք է լինի այն, ժամանակավոր ծածկ է լինելու թե քարե կառույց: Հարցը կորոշվի Թբիլիսիում կայանալիք ժողովի ժամանակ։
Հիմա եկեղեցու վեականգնման աշխատանքներում ներգրավված 9 մարդ, որոնցից 4-ը տեղացիներ են։
Հիշեցնենք, որ տաճարի վերանորոգումն ընթանում է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության և «Քարթու» հիմնադրամի միջոցներով: «Քարթու» հիմնադրամը շուրջ 3 000 000 լարի է հատկացրել Գումբուրդոյի տաճարի վերականգնման համար:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում:
Jnews-ը դեռ հունիս ամսին դիմում էր ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը, տեղեկանալու համար, թե ի՞նչ ընթացքում են վերականգնման աշխատանքները և ե՞րբ են ավարտվելու դրանք։ Սակայն դեռևս չեն պատասխանել մեր հարցմանը, JNEWS-ը կրկին անգամ այսօր դիմեց գործականությանը և սպասում է պատասխանի։