29.07.2022
Views: 660 |
Author: Shushan Shirinyan
Երեկ՝ հուլիսի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել է 2022 թվականի բյուջեում փոփոխությունների փաթեթը։ Մունիցիպալիտետի բյուջե հարկերից մուտք է գործել 1 041 800 լարի, որից 583 091 լարին հատկացվել է տարբեր ծախսերի համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն ավելացել է 1 041 800 լարիով, որից 41 800 լարին ավելացված արժեքի հարկից եկամուտն է, իսկ 1 000 000 լարին՝ գույքահարկը։
Ստացված գումարից 529 941 լարին հատկացվել է ենթակառուցվածքային աշխատանքներին, իսկ 53 150 լարին՝ տարբեր ծախսերի համար։
Նախագծային նախահաշիվները կազմելուց հետո պարզվել է, որ սկզբում հատկացված գումարը բավարար չէ որոշ ենթակառուցվածքային աշխատանքների համար։ Քաղաքապետարանը ավելացրել է պակասող գումարները
հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքների համար։
- Օլավերդ, Փոքր Սամսար, Էխտիլա գյուղերում խմելու ջրի խողովակաշարի վերականգնման համար հատկացվել է 175 000 լարի, այս փոփոխության շրջանակներում քաղաքապետարանը ծախսերին ավելացրել է 81 707 լարի:
- 60 000 լարի հատկացվել է նախկին զինվորական ավանի չորս շենքի կոյուղու վերականգնման համար, նախագծային հաշվարկներից հետո լրացուցիչ հատկացվել է 124,354 լարի:
- Չամդուրա գյուղի մշակույթի տան վերականգնման համար հավելյալ հատկացվել է 3591 լարի, սկզբնական հատկացված գումարը եղել է 25 000 լարի:
- Ալաստան գյուղի մշակույթի տան վերականգնման համար, ըստ հաշվարկի, անհրաժեշտ է 6929 լարի, սկզբում հատկացված 5000 լարիին ավելացել է 1929 լարի։
Միջոցներ են հատկացվել նաև գյուղերում այլ ենթակառուցվածքային աշխատանքների համար։
- Խուլգումո և Մաջադիա գյուղերում խաղահրապարակներ են տեղադրվում։ Գումարը 72 466 լարի է
- Չունչխա գյուղի ծիսակատարությունների տան վերականգնման համար հատկացվել է 115 894 լարի։
- Խավեթ գյուղի ճանապարհների հարթեցման համար նախատեսված է 130 000 լարի:
Միջոցներ են հատկացվել նաև այլ ծախսերի համար։
- 20,000 լարի հատկացվել է ծառայողական մեքենաների դիզվառելիք գնելու համար:
- 30 000 լարի ավելացվել է քաղաքապետարանի սոցիալական փաթեթին՝ վիրահատությունների, շտապ օգնության և բուժման համար:
- Քաղաքի ազգագրական թանգարանի կոմունալ ծախսերի համար հատկացվել է 3150 լարի։
Պատգամավորները հաստատել են նաև Բարալեթ գյուղի ՕԳ ծրագրով («Օգնություն գյուղին» ծրագիր) առաջնահերթ աշխատանքի փոփոխությունը։ Գյուղացիները որոշել են ոռոգման համակարգի փոխարեն տաղավար կառուցել։