Ախալքալաքի Մշակույթի տան վերականգնման համար անցյալ տարի հատկացված գումարն աստիճանաբար նվազել է: Արդյունքում, բյուջեի միջոցները բավարար չեն վերականգնման նախագծի համար, սակայն տեղի իշխանությունները հույս ունեն, որ կկարողանան իրականացնել այն:
2016թ.-ի անակնկալներից մեկն այն էր, որ Ախալքալաքի շրջանի բյուջեում գարնանը ի հայտ եկան լրացուցիչ հարկային եկամուտներ 5 966 000 լարի գումարի չափով: 2016 թ.-ի հուլիսի 29-ին Ախալքալաքի Շրջանային վարչությունում անցկացվեցին հանրային քննարկումներ «Ինչի վրա ծախսել լրացուցիչ ֆինանսավորումը» թեմայով: Պոտենցիալ նախագծերի քննարկման ցանկում հայտնվեց Ախալքալաքի անմխիթար վիճակում գտնվող Մշակույթի տան շենքի վերականգնողական ծրագիրը:
Արդեն օգոստոսի 5-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի ֆինանսական-բյուջետային հանձնաժողովի պատգամավորները քննարկեցին Շրջանային վարչության կողմից ներկայացված 2016 թ.-ի բյուջեի փոփոխությունները:
Հենց այդ ժամանակ Մշակույթի տան վերականգնման համար ի սկզբանե նախատեսված էր հատկացնել 1 500 000 լարի, քննարկումների արդյունքում պատգամավորները հաստատեցին 1 300 000 լարի:
Ներկա պահին Ախալքալաքի շրջանի 2017 թ.-ի բյուջեում Մշակույթի տան վերականգնման համար նախատեսված է ավելի քան 480 000 լարի: Աշխատանքների նախագիծը կազմվել է, այն նախատեսում է ավելի քան 900 000 լարիի ծախս, սակայն հիմա ընթանում է հստակ հաշվարկման գործընթացը և ծրագրի իրականացման ճշգրիտ ծախսերը հայտնի կդառնա այն ժամանակ, երբ որ այն ստեղծվի:
Ինչպես բացատրեց ենթակառուցվածքային ծառայությունների պետ Ալբերտ Նահատակյանը, սկզբնապես նախատեսված գումարի` 1 300 000 լարիի կրճատումը, պայմանավորված էր անցյալ տարվա գարնանը հարկային եկամուտների սխալ փոխանցման հետ: ՀԷԿ-ի և Երկաթուղու կողմից փոխանցված հարկի մեջ մտնում էր և Ախալքալաքի, և Նինոծմինդայի բաժինը:
«Քանի որ Նինոծմինդայի հարկը նույնպես փոխանցվեց մեզ, մերի հետ միասին, մենք հետո ստիպված եղանք վերադարձնել իրենց մասնաբաժինը: 850-860 000 լարի կրճատվեց հենց այն գումարից, որը նախատեսված էր Մշակույթի տան վերանորոգման համար: Բայց դա չի նշանակում, որ այդ նախագիծը չի ֆինանսավորվի: 190 000 լարի առանձին հատկացվել է ջեռուցման համակարգի անցկացման համար», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
40 տարի շարունակ Ախալքալաքի Մշակույթի տան տիպիկ մերձարևադարձային տեսակի շենքը չի նորոգվել ոչ հիմնովին, ոչ կոսմետիկ: Ներկա պահին, շենքը դանդաղ կերպով քանդվում է, այնտեղ չկա տարրական սանիտարա-հիգիենիկ պայմաններ, զուգարաններ: Ողջ շենքում տիրում է ծակող ցուրտը:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության տեղեկատվության, կվերականգնվի ամբողջ շենքը, բացառությամբ նկուղի և դահլիճի, որը միջանցիկ քամու և ցրտի պատճառներից մեկն է: Նշենք, որ չի փակվի նաև նվագախմբի փոսը, որտեղ մի քանի անգամ ընկել են դերասանները, որի պատճառով այժմ բեմը մի կերպ պարսպապատված է:
Հիմնանորոգում Մշակույթի տան դահլիճում չի կայանա, սակայն կիջեցվի և կծածկվի ապակե նյութերով առաստաղը, որի բարձրությունը ևս միջանցիկ քամու և ցրտի պատճառ է: Մնացած շենքում կվերանորոգվեն պատերը, հատակը, սենյակները, կփոխեն նաև դռներն ու պատուհանները: Զուգարանը կկառուցվի նոր վայրում: Ինչպես նաև խցիկները, որտեղից կարգավորվում են լուսարձակիչները:
«Երբ վերջնականապես հաստատենք վերականգնողական ծրագիրը, կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն: Այո, բյուջեն բաշխվել է, բայց մեզ մոտ կլինեն տնտեսումներ: Օրինակ տենդերերի տարբերությունը, որոնք կուտակում են: Մենք կկատարենք բյուջեի ճշգրտումներ և կորոշենք, թե որքան գումար հատկացնել կոնկրետ նպատակի համար», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Քրիստինե Մարաբյան