30.03.2023
Views: 544 |
Author: Kristina Marabyan
Ախալքալաքի մունիցիպալիտետը որպես «լավ աշխատանքի համար վարձատրություն» ստացել է 670 հազար լարի, որը կուղղվի տարբեր ծախսերի համար։
Մարտի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի օրակարգում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի ճշգրտման հարցը։
Բյուջեի փոփոխությունները ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանի Ֆինանսաբյուջետային վարչության պետ Կարեն Մերգելյանը։ Նա նաև պարզաբանեց, թե որտեղից են ի հայտ եկել ծրագրերի ֆինանսական միջոցները։
«Ի ուրախություն մեզ, մենք (խմբ. Տեղական ինքնակառավարումը) Վրաստանի լավագույն մունիցիպալիտետներից ենք, Քութայիսիից և Ռուսթավիից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետը զբաղեցրել է 3-րդ տեղը և, որպես խրախուսանք, մեզ հատկացվել է 670.000 լարի՝ կատարված լավ աշխատանքի համար, լավ մշակված ծրագրերի համար, որոնք համապատասխանում են օրենքին: Եկամտի վերջնական մասն ավելացել է մինչև 24 413 232 լարի, իսկ ծախսերի մասը՝ 25 937 800 լարի»,- այսպես սկսեց իր խոսքը Կարեն Մերգելյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացրել 1 543 197 լարիի փոփոխություններ։
Փոփոխությունների հիման վրա
- Ախալքալաքի մունիցիպալիտետը Վրաստանի ՏԻՄ Ազգային ասոցիացիային հատկացնում է 3 210 լարիի չափով անդամավճար:
- Մշակույթի, լուսաբանման, զբոսաշրջության զարգացման և հուշարձանների պահպանության, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը պատրաստվում է 7 000 լարի հատկացնել «Մեսխեթական բանահյուսություն» գրքի ֆինանսավորման համար։ /li>
- Ախալքալաքի ՀԱԿ-ի խնդրագրով, որն արվել է 2021 թվականի փետրվարի 13-ին, այս տարի «Հեպատիտ C-ի վերացման ծրագրի» համար կհատկացվի 10 000 լարի։
- 2023 թվականի մարտի 21-ի նամակի հիման վրա Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայությանը կհատկացվի 22 987 լարի Ախալքալաքում 20 մետրանոց վրացական դրոշի տեղադրման համար:
- Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայությունը պահանջել է 1 000 000 լարի, 500 000-ական լարի Ալաթուման-Բեժանո և Կուլիկամ-Խուլգումո մայրուղիների վերականգնման համար: Նաև 150 000 լարի Ախալքալաքի մունիցիպալիտետի «տարբեր գյուղերի» ներքին ճանապարհների հավասարեցման համար, թե որ գյուղերն են դրանք՝ չի նշվում:
- Ենթակառուցվածքների, տարածքային զարգացման, ճարտարապետության և շինարարության ծառայության կողմից պահանջվում է 350 000 լարի, որից 300 000 լարին՝ 50 000 լարիից ավելի ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության, վերանորոգման, տեղադրման և ապամոնտաժման վերահսկողության համար, որը կիրականացնի Ախալքալաքի քաղաքապետարանը, ինչպես նաև հիմնանորոգման, շենքերի վերակառուցման, նաև տարբեր տեսակի ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար:
Փոփոխություններից հետո անցումային մնացորդը կկազմի 4 014 412,96 լարի։ Վաղը՝ մարտի 30-ին, ի թիվս տարբեր հանձնաժողովների այլևայլ հարցերի, այս փոփոխությունները կքննարկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի լիագումար նիստում։