Ախալքալաքի տեղական բյուջեի միջոցների հիմնական մասը կուղղվի գյուղական ճանապարհների ասֆալտապատմանը, մանկապարտեզների անավարտ շինությունների կառուցմանը, ջրամբարների մաքրմանն ու աշխատավարձերին:
Ախալքալաքի նորակազմ Սակրեբուլոն հաստատեց 2018 թվականի բյուջեն, որը կազմում է 8 628 000,00 լարի:
Ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ հաջորդ տարի Սակրեբուլոյի աշխատավարձի ֆոնդը նույնն է: 2018-ին Սակրեբուլոն որոշակի խնայողություններ կանի: Մասնավորապես կրճատվել է կորպորատիվ կապի, բենզինի և տրանսպորտային միջոցների համար հատկացվող գումարը, բայց ակնառու կերպով ավելացել են այլ ծառայությունների և նյութերի համար գումարային հատկացումները: Եթե ընթացիկ տարում հատկացվել է 91 200 լարի, ապա 2018 արդեն կծախսի 130 000 լարի: Ընդհանուր առմամբ Ախալքալաքի Սակրեբուլոն ավելացրել է իր ծախսերը համեմատած 2017 թվականի հետ: 2018-ին Սակրեբուլոն 661 200 լարի կծախսի, ինչը 36 200 լարիով շատ է 2017թ.-ի ծախսերից:
Ի տարբերություն Սակրեբուլոյի, Ախալքալաքի քաղաքապետարանն ավելացրել է աշխատավարձի ֆոնդը, սակայն կրճատել է պարգևավճարները: Եթե 2017-ին ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում էր 1 047 800 լարի, ապա 2018 թ.-ին՝ 945 800 լարի: Աշխատավարձի համար նախկին 863 990 լարիի փոխարեն հատկացվել է 900 000 լարի, այսինքն 36 010 լարիով ավելի: Պարգևավճարները իջել են 171 000-ից մինչև 45800 լարի, այսինքն ուղիղ 125 200 լարի քաղաքապետարանը կտնտեսի պարգևավճարներից: Հավելավճար ևս 2018 թվականին նախատեսված չէ, նախկին 12 810 լարիի փոխարեն: Ընդահնուր առմամբ 2018 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանն իր աշխատավարձային փոնդի ծախսերը կրճատել է 102 000 լարիով:
Թե Ժողովը, թե Քաղաքապետարանը գումարներ կտնտեսեն կապի համար հատկացվող միջոցներից: Կոնկրետ 3000 լարի կտնտեսվի կապի համար հատկացվող գումարից, այս տարի այն կազմում է 24800 լարի: Խնայողություններ կարվեն նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված ծախսերից մոտ 15 690 լարիի չափով, 122790-ից իջեցնելով մինչև 107100 լարի: Այստեղ հարկ է նշել, որ հաջորդ տարի քաղաքապետարանը բավականին մեծ՝ 120 000 լարի է նախատեսել ծառայողական նոր մեքենա գնելու համար:
Մյուս տարի կասֆալտապատվի Բարալեթ-Էխտիլա ճանապարհը, որի համար հատկացվել է 919 710 լարի: Կուլիկամ գյուղում կիսակառույց մանկապարտեզի շինարարությունն ավարտին հասցնելու համար 123 000 լարի:
81100 լարի հատկացվել է Զինկոմիսարիատին, սոցիալական օգնության գումարը կազմում է 718500 լարի: Տեղեկատվական հաղորդումների համար 15000 լարի, ենթակառուցվածքներին՝ 2678310,00 լարի
Այսպիսով 2018 թվականի տրանսֆերը կազմում է՝ 215 000 լարի, հարկերից եկամուտը՝ 6970000 լարի, այլ եկամուտները՝ 1333000 լարի, ոչ ֆինանսական ակտիվները՝ 11 0000 լարի, ընդհանուրը կազմում է՝ 8628000,00 լարի:
Jnews-ն առաջիկայում առանձին-առանձին կանդրադառնա Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից «սնվող» կազմակերպությունների աշխատանքին և հատկացված միջոցներին, թե որքանով արդյունավետ է բաշխվում տեղական բյուջեի գումարները: Ինչու է տարեցտարի բյուջեում ավելանում չծախսված գումարներն այն դեպքում, երբ շրջանում բազմաթիվ ու բազմաբնույթ չլուծված խնդիրներ կան, որոնք լուծելու համար պահանջվում են միջոցներ:
Աղունիկ Այվազյան