ՏԻՄ ընտրությունների նախաշեմին jnews-ը հարցազրույցների շարք է ներկայացնում, որտեղ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները իրենց տեսակետներն են արտահայտում: Մեր զրուցակիցն է «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Հարություն Ալեքսանյանը:

Պարոն Ալեքսանյան, Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամ եք, զբաղեցրել եք տարբեր պաշտոններ, ինչը ձեզ դրդեց, որ առաջադրվեցիք որպես Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու:

Իմ թեկնածությունը մեր կուսակցությունն է առաջարկել, ես էլ որոշել եմ չհրաժարվել: Մեր կուսակցությունը լուրջ քաղաքական ուժ է:

Ինչպես է անցնում ձեր դաշինքի քարոզարշավը, որևէ խոչընդոտի կամ դժվարության հանդիպել եք այս ընթացքում:

Մեր քարոզարշավին խանգարելու փաստեր չեն գրանցվել, մեր հանդիպումները նորմալ են անցել միշտ, ժողովուրդը բավականին ակտիվություն է ցուցաբերում: Իհարկե բերքահավաքի և եղանակի հետ կապված ոչ բոլոր դեպքերում էր ստացվում մարդաշատ, բայց համենայնդեպս ժողովրդի մեջ ակտիվությունը նկատելի է, ինձ թվում է նորմալ կմասնակցեն ընտրություններին: Մեր կոչն է, որ մարդիկ ակտիվ գնան ընտրության որ կեղծարարության հնարավորություն չլինի: Մենք կողմնակից ենք մաքուր, թափանցիկ ընտրությունների:

Մենք ընդամենը բուկլետներ ենք բաժանում և կոչ անում ակտիվ մասնակցության, մենք ոչ խնդրելու նպատակ ունենք, ոչ էլ հարկադրելու իրավունք, որ մեզ ձայն տան: Ժողովուրդը ինքը պիտի ընտրի և որոշի, թե ում է տալու իր ձայնը:

Պարոն Ալեքսանյան ինչքան եք գնահատում ձեր ընտրվելու հավանականությունը:

– Քանի որ նորաստեղծ կուսակցություն ենք, մեր ակնկալիքներն էլ են որպես նորաստեղծ կուսակցության, մոտավոր 25 տոկոսի սահմաններում: Շատ դժվար է, կոնկրետ պատասխանել, որովհետև բավականին լուրջ ուժեր կան, իշխանության և «Հայրենասերների դաշինքի» թեկնածուները ճանաչված անձիք են, տեսնենք ինչ կլինի, ընտրողը կորոշի:

Եթե դառնաք Ախալքալաքի քաղաքապետ, ինչ փոփոխություններ եք անելու, ծրագրային որևէ ուղղվածություն ունեք, մշակութային ոլորտին եք ավելի ուշադրություն դարձնելու, կամ օրինակ քաղաքի արտաքին տեսքին, որն է լինելու ձեր անելիքը:

– Տեսեք խաղահրապարակ կենտրոնական այգուց բացի գոյություն չունի, ոչ թե մի այլ մինիմում 10 խաղահրապարակ պետք է լինի: Երեխաների համար պետք է պայմաններ ստեղծենք, որի մասին մի օր չենք մտածել: Մի խաղահրապարակով հարցը չի լուծվում: 4 պատի մեջ երեխան հայտնվում է ահավոր վիճակի մեջ: Ես թոռնիկ ունեմ գիտեմ ինչ բան է: Պատկերացրեք մի գյուղում 150 000 լարի են հատկացնում, որ մանկապարտեզ կառուցեն, իսկ գյուղ կա որ 5-10 000-ի ծախս է մնացել, որ գործող մանկապարտեզ լինի, սրանք կողքի են թողնում և անցնում 150 000-ին, ինչի համար:

Պարոն Ալեքսանյան Սակրեբուլոյի անդամ էիք, ինչու չէիք բարձրաձայնում այս խնդրի մասին:

– Գիտեք Սակրեբուլոն միշտ հստակ չէ աշխատել, այսինքն՝ եթե իշխանության կողմնակից եք անցնում է իշխանության հարցերը, շատ հարցեր են բարձրացվել, բայց ոչ բոլոր հարցերն են լուծում գտել:

Ենթակառուցվածքային զարգացման ինչ քաղաքականություն եք վարելու:

– Ոչ միայն քաղաքի մեջ, այլ նաև գյուղական ճանապարհները պիտի ասֆալտապատվի, անցած տարի նախատեսված էր 200 000 լարի գյուղերի ճանապարհները կարգավորելու համար, դրա իմաստն ինչ էր, մի քանի մեքենա ավազ ու վերջ, միակ ճիշտ լուծումը ասֆալտապատումն է: Ամենակարևորը ճանապարհներն են: Աշխատատեղեր պետք է ստեղծել, որ միգրացիան կրճատվի, գործարաններ կառուցելն իրատեսական չէ, դրա համար պետք է բիզնեսը քաջալերել: Պետք է տուրիզմ զարգացնենք: Վրաստանում ամենաշատ լճերը մեր շրջանում է, եկեք զարգացնենք տուրիզմի այս ճյուղը:

Իսկ սոցիալական ինչպիսի ծրագրեր կիրականացնեիք:

– Օրինակի համար և իրականում էլ այդպես է, որ կարիքավոր ընտանիքների շատերի օգնությունը կտրել են, և դրա մեջ քաղաքական ենթատեքստ կա, չի կարելի նման բան անել: Տվյալ ունեմ, որ տվյալ մարդը ուրիշ քաղաքական ուժի է հարում, կարիքավոր մարդ է, մի հատ ստուգում են անցկացնում, դրանց ստուգումից ոչ-ոք ոչինչ չի հասկանում, արդյունքում շատ մարդիկ այսօր զրկված են սոցօգնությունից: Սոցիալական ծառայության գումարները բյուջեով միշտ նախատեսվում են, դա ընդամենը պետք է ճիշտ կառավարել, ոչ թե հավեսի համար մեկին տալ, մյուսին՝ ոչ: Չեմ կասկածում, որ կոռուպցիա գոյություն ունի, ես չեմ ժխտում, որ նախկինում չի եղել, դրա դեմն առնել է պետք: Եթե քո ծառայությունը քո ձեռքի տակ լինի, դու ես ծառայության պետը, ուրեմն աշխատողից պիտի պահանջես, հսկես աշխատանքը: