Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում մանկական նոր խաղահրապարակի տեղադրման և եղածի վերանորոգման էլեկտրոնային մրցույթը կայացել է: Այսօրվանից սկսվել են հնի վերանորոգման և նորի տեղադրման աշխատանքները:
Էլեկտրոնային մրցույթը հաղթել է ՍՊԸ «Գոլդ 777»՝ 19 300 լարիով, սկզբնական գումարը եղել է 19 999 լարի:
«Այսօրվանից սկսել ենք աշխատանքները, մեր ժամկետը երկար է, բայց նախատեսնում ենք ավարտին հասցնել մեկ շաբաթում», – ասում է ՍՊԸ «Գոլդ 777»-ի ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը։
Վերանորոգման նախագիծը ներառում է Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում մանկական նոր խաղահրապարակի տեղադրում և եղածի վերանորոգում։ Նախ տարածքը կբետոնապատվի, այնուհետև բետոնի վրա կլինի ռետինային ծածկույթ։ Բետոնե ծածկույթի մեջ կօգտագործվի 8 մմ տրամագծով արմատուրային ցանց, իսկ ռետինե ծածույթը կլինի 3 սմ հաստությամբ, որը սահմանազատված կլինի համապատասխան եզրաքարերով՝ 10X15 չափի։
Ստորև ներկայացնում ենք, թե որտեղ է տեղադրվելու նոր խաղահրապարակը և ինչպիսի տեսք է ունենալու՝ ըստ էլեկտրոնային մրցույթում ներկայացված փաստաթղթերի։
Քաղաքային զբոսայգին նոր խաղահրապարակ կունենա