Վրաստան է այցելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր կսկսեն պաշտոնական հանդիպումները Թբիլիսիում։ Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, գործադիր իշխանության, հանրային պաշտպանի, ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ։

Հանդիպումների շրջանակներում կքննարկվեն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված հարցերը։

2022 թվականին համաձայնագրի իրականացման վերաբերյալ բանաձևի նախագիծն արդեն ներկայացվել է Եվրախորհրդարան։ Այն ընդգծում է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու պայմանների կատարման վրա։

Պատվիրակությունը գլխավորում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը։

Եվրախորհրդականները Վրաստան են ժամանել Ադրբեջանից: Թբիլիսիից նրանք պետք է մեկնեն Հայաստան։