Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա Միքելաձեն հրաժարական է տվել: Այս մասին Միքելաձեն հայտարարել է սոցցանցի իր էջում, որտեղ այս որոշումն անվանել է «դժվար, բայց կարևոր»:
«Ես հաստատում եմ բոլոր ինձ աջակցողներին, որ այլևս ԿԸՀ աշխատակից չեմ, սա իմ որոշումն է:
Կյանքում մենք ստիպված ենք լինում բարդ, բայց կարևոր որոշումներ կայացնել, և, իհարկե, մեր կատարած յուրաքանչյուր քայլ պետք է համապատասխանի մեր սեփական արժեքներին: Ձեզանից նրանք, ովքեր ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ տեղական և միջազգային կազմակերպություններում կամ պետական սեկտորում աշխատելով՝ ես միշտ առաջնորդվել եմ միայն արհեստավարժության, արդարության և ազնվության սկզբունքներով և միշտ փորձել եմ թեկուզ փոքր, բայց ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներից յուրաքանչյուրին, համագործակիցներին, լրագրողներին, մարդկանց, որոնց հետ ես երկարամյա գործնական կամ ընկերական հարաբերություններ ունեմ, շնորհակալ եմ համագործակցության համար», – գրել է Միքելաձեն ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնվել է սկանդալների էպիկենտրոնում: Խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն ենթարկվել է խիստ քննադատության ընդդիմության, մի շարք հասարակական կազմակերպությունների և հասարակության մի մասի կողմից: Կրկին ընտրություններ անցկացնելուն զուգահեռ, իշխանության ընդդիմախոսների պահանջներից մեկն է նաև գերատեսչության վարչակազմի փոփոխությունը, որին նրանք մեղադրում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: