Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական զեկույցի համաձայն, անցած շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է Covid-19 վարակի մինչև 2,5 միլիոն նոր դեպք, ինչը 6%-ով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

ԱՀԿ-ի տվյալներով, վարակման նոր դեպքերի ամենամեծ թվաքանակը՝ 505 344 դեպք է, գրանցվել է Բրազիլիայում, ինչը 11%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Դրան հաջորդում է Հնդկաստանը՝ 441 976 դեպք, ինչը 30%-ով պակաս է նախորդ շաբաթվանից, երրորդ տեղում Կոլումբիան է՝ 193 907 նոր դեպք, որտեղ վարակման մակարդակն աճել է 10%-ով՝ նախորդ շաբաթվա համեմատ, չորրորդ տեղում Արգենտինան է (149 673 նոր դեպք) և հինգերորդ տեղում Ռուսաստանը (108 139 նոր դեպք): Նշենք, որ Ռուսաստանում նախորդ շաբաթ վարակվածների թիվն աճել էր 31%-ով՝ դրա նախորդ շաբաթվա համեմատ:

ԱՀԿ-ի զեկույցի համաձայն, անցած յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսը խլել է մոտ 64 000 մարդու կյանք՝ նախորդ շաբաթվա համեմատ 12%-ով պակաս:

Բացի այդ, կազմակերպության շաբաթական զեկույցում նշվում է, որ նոր, այսպես կոչված, կորոնավիրուսի տագնապալի տեսակները շարունակում են տարածվել ամբողջ աշխարհում: «Ալֆա» տեսակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում և, հետեւաբար, կոչվում է բրիտանական տեսակ, հայտնաբերվել է աշխարհի 170 երկրներում և բնակավայրերում՝ գամմա կամ այսպես կոչված Բրազիլական շտամը՝ 71 երկրում:

Ինչ վերաբերում է «դելտա» շտամին, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում անցյալ տարվա հոկտեմբերին և հայտնի է որպես «հնդկական շտամ», այն արդեն գրանցվել է աշխարհի 85 երկրներում: