Ես ուզում եմ կոչ անել մեր ընկեր և հարևան երկրների նախագահներին՝ հնարավորինս արագ երկխոսություն սկսել: Ուզում եմ դեէսկալացիայի և կրակի դադարեցման կոչ անել,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին Զուրաբիշվիլին ասել է, որ Թբիլիսին այն տեղն է, որտեղ հնարավոր է ցանկացած բանակցություն անցկացվել կողմերի միջև:

«Ես ուզում եմ Մինսկի խմբին դիմել, համանախագահներին, նրանք նույնպես այս հակամարտության գործում հատուկ պատասխանատվություն ունեն, մենք կարող ենք մեր երկիրը բանակցությունների վայր դարձնել: Պատրաստ ենք այն ամենին, ինչ կողմերը կցանկանան: Ուզում եմ նաև Եվրամիությանը դիմել: Մենք` տարածաշրջանի բոլոր 3 երկրներս «Արևելյան գործընկերության» անդամ ենք: Եթե դա ինչ-որ բան նշանակում է, իսկ ես համոզված եմ, որ շատ բան է նշանակում, ուրեմն մեր այս տարածաշրջանում մեր կայունությունն ու խաղաղությունը ԵՄ-ի շահերից են, ու ԵՄ-ն պետք է իր ուժերն օգտագործի` խաղաղության ու դեէսկալացիայի հասնելու նպատակով: Մեր քաղաքացիների համար խաղաղությունից ու կայունությունից թանկ բան չկա», – բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: