2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանը Ռուսաստանից գնել է 705 միլիոն դոլարի ապրանք, ինչը 51 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտնում է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։

Ռուսաստանը հաջոդում է Թուրքիային՝ Վրաստանին ապրանքների մատակարարման առումով: 2021 թվականին երկրորդը Չինաստանն էր, իսկ այժմ նահանջել է երրորդը:

Ռուսաստանի Դաշնությունից առաքումների ամենամեծ աճը գրանցվել է հունիսին: Վրաստանը ներմուծել է 151 մլն դոլարի ապրանք։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին Ռուսաստանից ներմուծումը կազմել է 72 մլն դոլար։

Աճն առաջին հերթին կապված է նավթի ներկրման ավելացման հետ, ինչի արդյունքում Ռուսաստանը դարձել է Վրաստանի համար վառելիքի հիմնական մատակարարը։

Ի՞նչ ապրանքներ է գնել Վրաստանը Ռուսաստանից 2022 թվականի առաջին կիսամյակում՝ ներկայացնում ենք լավագույն հնգյակը.

  • նավթ՝ 184 մլն դոլար, 198 հազար տոննա, 206% աճ 2021 թվականի հունվար-հունիսի համեմատ
  • բնական գազ՝ 40,2 մլն դոլար, 156 հազար տոննա, 50% անկում
  • ածուխի կոքս՝ 30 մլն դոլար, 54 հազար տոննա, 200% աճ
  • ցորենի ալյուր՝ 28,8 մլն դոլար, 77 հազար տոննա, 1300% աճ
  • մարգարին՝ 25,7 մլն դոլար, 15 հազար տոննա, աճը՝ 756 տոկոս

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 256 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա համեմատ 3%-ով պակաս։ Բացառությամբ մարդատար ավտոմեքենաների և ֆեռոհամաձուլվածքների, նվազում է նկատվել դեպի Ռուսաստանի Դաշնություն վրացական արտահանման բոլոր հիմնական կատեգորիաներում։

Ի՞նչ ապրանքներ է Վրաստանը արտահանել Ռուսաստան 2022 թվականի առաջին կիսամյակում՝ լավագույն հնգյակը.

  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 86 մլն դոլար, 41 հազար տոննա, 19 տոկոսով ավելի
  • գինի ՝ 58 մլն դոլար, 21000 տոննա, 3,5% անկում
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 18,6 մլն դոլար, 35 հազար տոննա, 40% անկում
  • մեքենաներ՝ 13,9 մլն դոլար, 71% աճ
  • լիկյոր՝ 13,6 մլն դոլար, 13% անկում

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն առաջին վեց ամսում կազմել է ավելի քան 8,5 միլիարդ դոլար՝ 35,2 տոկոսով ավելի, քան 2021 թվականին:

Արտահանումը կազմել է 2,6 մլրդ (+35,1%) դոլար, իսկ ներմուծումը` 5,9 մլրդ (+35,3%)դոլար:

2022 թվականի հունվար-հունիսին բացասական մնացորդը կազմում է 3,4 մլրդ դոլար, ինչը 38,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: