Ռուս բլոգեր և լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
Ըստ Ալեքսեյ Ռոմանովի՝ պատճառը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող ակցիաների մասին իր պատրաստած ռեպորտաժներն են։
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սահմանին ինձ 6 ժամ պահելուց հետո որոշել է մերժել իմ մուտքը Վրաստան», — գրել է բլոգերը:
Ռոմանովի խոսքով՝ իրեն փաստաթուղթ են հանձնել, որտեղ նշված են Վրաստան մուտք գործելու մերժման հնարավոր հիմքերը։ Ըստ նրա` իր դեպքում որպես պատճառ նշված է «չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին» կետը:
Ռոմանովը մինչև 2016 թվականն ապրել և աշխատել է Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում։ Հետագայում նա YouTube-ի ալիք է ստեղծել, որի միջոցով քննադատում է ՌԴ իշխանություններին։