Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից մատուցվող ծառայություններն իրենց բնույթով բազմազան են։ ՀՀ քաղաքացու անձնագրի փոխարինումը, ՀՀ վերադարձի վկայականի տրամադրումը, օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը ավելի հաճախ մատուցվող հյուպատոսական ծառայություններից են։

Հարկ է նշել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը՝ 09։00-ից մինչև 18։00-ն:

Կարևոր է իմանալ, որ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է միայն նախնական հերթագրմամբ՝ +99 5 322 95 09 77 հեռախոսահամարով։

Oտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և արտարժույթով հաշվարկվում են՝ հիմք ընդունելով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի նախորդ տարվա միջին տարեկան փոխարժեքը։

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում մատուցվող համանման ծառայությունների արժեքին, ապա, դրանց միջև կա տարբերություն։ Կախված մատուցվող ծառայության տեսակից տարբերությունը կարող է մեծ կամ փոքր լինել։

Հյուպատոսական ծառայությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը հասանելի են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում՝ հյուպատոսական ծառայություններ բաժնում՝ ծանոթանալու համար կարող եք անցնել https://www.mfa.am/hy/fees/ հղումով։

Jnews-ի հարցմանը, թե ինչպե՞ս կարող են դիմել ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար և ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն Վրաստանի քաղաքացիները, Վրաստանում ՀՀ դեսպանատնից պատասխանել են, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նախնական հերթագրմամբ։ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքէջում՝ անցնելով https://www.mfa.am/hy/citizenship/ հղումով, կամ զանգահարելով հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումատուների շարքում մեծ թիվ են կազմում ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։

Այս դեպքում ներկայացվող հիմնական անհրաժեշտ փաստաթղթերն են․

• դիմում-հարցաթերթիկ (լրացվում է տեղում),
• անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը/,
• 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
• ծննդյան վկայականը և դրա պատճենը,
• ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ,
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը,
• օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները/+2 օրինակ պատճենները/,
• 1981թ-ից հետո ծնվածներին անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողների ամուսնության վկայականի, ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: