Հունվարի 17-ին մեկնարկում է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի պաշտոնական այցը Բրյուսել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակ գրասենյակ, կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների դեսպանների հետ։
Դավիթ Զալկալիանիի խոսքով, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո վրացական պատվիրակության այցը Բրյուսել շատ կարևոր է և հաստատում է, որ գործընկերները հատուկ ուշադրություն են դարձնում Վրաստանին, իսկ Դաշինքում Թբիլիսիի անդամակցության որոշումը չի կարող վերանայվել։
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները հատուկ ուշադրություն են դարձնում մեր երկրին, և Վրաստանի վերաբերյալ որոշումները չեն ընդունվի առանց Վրաստանի։ Դա ինձ հետ հեռախոսազրույցների ժամանակ հաստատել են թե՛ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, թե՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, և ես վստահ եմ, որ նույնը կհաստատվի դեսպանների հետ այսօրվա հանդիպմանը։ Իհարկե, ես շատ հետաքրքիր է նրանցից անձամբ լսել, թե կոնկրետ ինչ է քննարկվել Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում, սակայն այն խոսակցությունների բովանդակությունը, որ ես ունեցել եմ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ, ինձ հիմք է տալիս ասելու, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները շատ հստակ հայտարարել են Ռուսաստանի Դաշնությանը, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայում չի լինի, որ ազդեցության ոլորտների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, և որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը այն երկրների գործն է, որոնք ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին»,- ասել է Զալկալիանին։