«Վրացական երազանք»-ին հանգանակություններ կատարած 6 ընկերություններից 2-ը Ախալքալաքում իրականացնում են հիմնական ճանապարհաշինական և շինարարական աշխատանքները։
2021 թվականին իշխող կուսակցության դոնորների հետ կապված ընկերությունները շահել են մոտ 320 միլիոն լարիի պետական տենդեր և կնքել 19 միլիոն լարիի պարզեցված պետական գնումների պայմանագրեր։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների հետ ուղղակի կամ անուղղակիորեն կապված դոնորները ավելի քան 4,5 մլն լարի են հանգանակել «Վրացական երազանք»-ին։ Այս մասին ասվում է 2021 թվականին քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ Transparency International-ի ուսումնասիրության մեջ։
Օրինակ՝ «Արալի» ՍՊԸ-ն 2021 թվականին շահել է 62 միլիոն լարիի պետական տենդերներ, իսկ նրա սեփականատեր Դեմետրե Տատեշվիլին իշխող կուսակցության բյուջե է մուտքագրել 50 000 լարի։
«Ճանապարհաշինություն № 1» ՍՊԸ-ն և «Ճանապարհաշինություն № 2» ՍՊԸ-ն խոշոր պետական կապալառուներ են, որոնք տարվա ընթացքում համատեղ շահել են 26 մլն լարիի տենդերներ։ Այս ընկերությունների սեփականատեր Նուգզար Աբալակին և նրա բիզնես գործընկեր Ավթանդիլ Կաճկաճիշվիլին համատեղ 45 հազար լարի են հանգանակել «Վրացական երազանք»-ին:
Նշենք, որ «Արալի» ՍՊԸ-ն 2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հայտարարված 1 տենդեր շահել է 1 325 845 լարիի չափով։ Ընդհանուր առմամբ, 2015 թվականից մինչև 2022 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ընկերությունը շահել է Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հայտարարված 7 տենդեր՝ ընդհանուր 9 286 946 լարիի չափով։
Ինչ վերաբերում է «Ճանապարհաշինություն №1» ՍՊԸ-ին, ապա 2021 թվականին այն չի շահել Ախալքալաքի մունիցիպալիտետի հայտարարած տենդերները։ 2022 թվականին ընկերությունը շահել է Ճանապարհային վարչության կողմից հայտարարված 1 տենդեր, որն իրականացվել է (Ախալքալաք-Ռկոնի ճանապարհի վերականգնում) Ախալքալաքում՝ 413 512 լարիի չափով։ 2020 թվականին ընկերությունը շահել է Ճանապարհային վարչության կողմից հայտարարված Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնման տենդերը՝ 5,744,000 լարիի չափով։
Կազմակերպության ուսումնասիրության մեջ նշվել են նաև հետևյալ ընկերությունները, որոնք հանդիսանում են պետական խոշոր կապալառուներ և իշխող կուսակցության դոնորներ.
«Զիմո» ՍՊԸ-ն՝ նախկին վարչապետ և իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ փոխկապակցված ընկերությունը, ընդգրկվել է խոշոր պետական կապալառուների թվում: Տարվա ընթացքում այս ընկերությունը շահել է շուրջ13 միլիոնլարի արժողությամբ պետական տենդերներ, իսկ Իվանիշվիլիի և այս բիզնես խմբի հետ տարբեր ձևերով առնչվող անձինք ընդհանուր առմամբ 1 միլիոն լարի են հանգանակել «Վրացական երազանքին» >տարվա ընթացքում:
Պետական խոշոր կապալառուներից էին նաև «Բոնդի-2009» ՍՊԸ-ն և «Մոնոլիտ-2005» ՍՊԸ-ն։ 2021 թվականին Բաթումիի քաղաքային ժողովի նախկին անդամ Նուկրի Դոլիձեի այս երկու ընկերությունները շահել են 33 միլիոն լարի ընդհանուր գումարի հանրային տենդերներ։ Դոլիձեն և նրա բիզնես գործընկեր Օթար Փուտկարաձեն համատեղ120,000 լարի են հանգանակել «Վրացական երազանքին»:
Հարկ է նշել նաև «Անագի» ՍՊԸ-ն շահել է մի քանի խոշոր պետական տենդերներ։ 2021 թվականին այս ընկերությունը շահել է ավելի քան 22 միլիոն լարիի տենդերներ։ Դրա հետ կապ ունեցող անձ Դավիթ Անգուլաձեն և նրա բիզնես գործընկեր Գիորգի Չիտաշվիլին ընդհանուր առմամբ110,000 լարի են հանգանակել իշխող կուսակցությանը:
Տվյալները վերցված են TI Georgia-ի պաշտոնականկայքից: