Ուկրաինայում պատերազմի մասին առաջին վրացական վավերագրական ֆիլմը նկարահանվել է հեռուստալրագրողների կողմից: 21-րդ դարում Եվրոպայում լայնածավալ պատերազմի ամենաթեժ կետերից և անձնական տպավորություններից լրագրողների կողմից նկարահանված կադրերը հայտնի վավերագրող Թոմա Չագելիշվիլին հավաքել է և վերածել տարեգրության:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության «100 օր Ուկրաինայի պատերազմից» ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Ուկրաինայում և Մոլդովայում։ Ֆիլմի պրոդյուսեր Վիկտորյա Քավժարաձեն ֆիլմը Կանադայում ցուցադրելու հրավեր է ստացել։ Այս շաբաթ ֆիլմը դիտել են նաև Թբիլիսիում՝ «Ամիրանի» կինոթատրոնը նման առիթի համատր կինոդահլիճն անվճար է տրամադրել։
80 հոգանոց կինոդահլիճը, բոլորին չտեղավորեց։ Ուստի, Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը, որը կազմակերպել էր պրեմիերան, արդեն քննարկում է վերացուցադրման հարցը։
Թոմա Չագելիշվիլին փորձառու վավերագրող է, ով նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Հետևաբար, այս տեսաժապավենը միայն թեժ կետերի ռեպորտաժների ժողովածու չէ:
Ֆիլմի հեղինակները ստիպում են հեռուստադիտողին հապաղել և դուրս գալ նորությունների ամփոփագրման ռեժիմից։
Մոնտաժային ռեժիսոր Ալեքսանդր Քուրդուբաձեն զգուշորեն է խմբագրում Կիևի, Բուչայի, Իրպենի, Սումի յուրաքանչյուր կադր:
Մեզ ցույց տվեցին ոչ միայն լայնամասշտաբ պատերազմ, այլ նաև անձնական պատմություններ, անսպասելի տեսանկյուններ. երեխայի անխռով ժպիտը, ով տեղափոխվել էր ռմբակոծված տնից հայտնի չէ ուր, քաղաքացիների խուճապն օդային հարձակման ժամանակ, հասուն տղամարդկանց վախը սիրելիների համար և արցունքները, որոնք վերածվել են կատաղության:
«Ես հասկացա, որ պետք է ֆիլմ նկարահանել լրագրողների մասին։ Դրանում այն ամենն է, ինչ եթերային ժամանակի պակասի պատճառով չի ներառվել ռեպորտաժներում, չի ներառվել լրատվական թողարկումներում, և այ հույզերը, մտքերը, լրագրողների ու օպերատորների անձնական փորձառություններն այժմ կարելի է տեսնել վավերագրական ֆիլմում։ Լրագրողներն արդեն այլևս միայն միայն թղթակիցներ չեն, ովքեր փաստագրել են Ուկրաինայում ռազմական միջամտության հետևանքները, այլ նաև ականատես մարդիկ, ովքեր իրենց աչքերո են տենսել այս պատերազմը»,- ասում է Թոմա Չագելիշվիլին։
«Ռուսթավի 2»-ի տասը լրագրողներ Ուկրաինայում անցկացրած երեք ամիսների ընթացքում ստիպված են եղել նկարահանումներ իրականացնել ռմբակոծություններին, փամփուշտներին, պայթյուններին և հրդեհներին զուգընթաց։ Ուստի օպերատորների ու լրագրողների երկխոսությունները երբեմն մարտաֆիլմ են հիշեցնում։ Բայց վրացիները, ինչպես հայտնի է, լավ մարտիկներ են, և իհարկե, անվախ լրագրողներ:
«Ռուսթավի-2» մեդիա հոլդինգի տնօրեն Վակո Ավալիանին պրեմիերայի ժամանակ պատմել է, որ չի ցանկացել «պատերազմ թողնել» կին թղթակիցներին։ Ի նշան բողոքի՝ գրասենյակի հարակից միջանցքում նրա դեմ կանայք «պիկետ» են կազմակերպել։
Անկասկած, պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում վրացի լրագրողները ռեպորտաժներ են նկարահանել Ուկրաինայի ողբերգության՝ դպրոցների, խաղահրապարակների, բնակելի տարածքների, ծննդատների ռմբակոծությունների մասին։ Բայց հիմնական տպավորությունը, որ նրանք դուրս են բերել պատերազմից, ուկրաինացիների անկոտրում ոգին է և հաղթանակի հանդեպ հավատը։
«Ես և իմ օպերատորը եղել ենք Ուկրաինայի մի քանի շրջաններում, բայց ամենակարևորը Դոնեցկի մարզն էր, որտեղ այն ժամանակ ամենադժվար իրավիճակն էր։ Ֆիլմը ներառում է կադրեր Բախմուտից։ Մենք այս քաղաք հասանք այն պահին, երբ այն ռմբակոծվում էր։ Միասին մենք որոշեցինք, որ, չնայած վտանգին, անհրաժեշտ է ամեն ինչ նկարահանել, որպեսզի ապացույցներ լինեն Ռուսաստանի դեմ հայցում»,- ասել է «Ռուսթավի 2»-ի լրագրող Սալոմե Բոկուչավան։