Արդեն քանի օր է, Թուրքիայի հետ սահմանին՝ Կարծախ գյուղի մոտ, բեռնատարների շարասյուն է գոյացել, այս տարի սա առաջին դեպքը չէ, որ բեռնատարների շարասյուն է կուտակվում։

Սկսած Վաչիան գյուղի ելքից, հետո արդեն Սուլդա, Բոզալի և Կարծախ գյուղերով տարբեր երկրներից ժամանած բեռնատարները կրկին շարասյունով կանգնած են ճանապարհի անմարդաբնակ հատվածներում։ Ինչպես պարզաբանեցին տեղական իշխանությունները, մաքսակետում իրենց տրամադրված տեղեկատվության համաձայն՝ կուտակումների պատճառը կապված է Վերին Լարսի մաքսակետի անցանելիության հետ, երբ բեռնատարների հոսքը հաճախակի է անցկացվում Լարսով (Ռուսաստան-Վրաստան սահման), ապա շարասյուներ են գոյանում սահմաններին այլ երկրներ (հիմնականում Թուրքիա) մուտք գործելիս:

Նման իրավիճակ այս տարի նկատվում է մայիս ամսից սկսած։ Այսօրվա տվյալներով՝ ավելի քան 300-350 բեռնատար է կանգնած ճանապարհին։

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի 6 ամսում Վրաստանով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս տվյալները, եթե բաժանենք օրերի, ապա ստացվում է, որ Վրաստանով օրական անցնում է մոտավորապես 1 150 բեռնատար։

Լուսանկարն արված է մայիսի 25-ին