Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ՊԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իոսիֆ (Սոսո) Գոգաշվիլին։ Բացառված չէ,որ սա ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերությունում վերջերս բացահայտված հնարավոր ապօրինի գաղտնալսման փաստի հետեւանքն է։
Գոգաշվիլին ձերբակալվել է ոստիկանության հատուկ գործողության արդյունքում՝ զինված հատուկ ջոկատայինները ներխուժել են նրա տուն, պառկեցրել հատակին, ապա տարել անհայտ ուղղությամբ։ Ուրբաթ գիշերը ցանցում տեղադրվել է այս գործընթացի տեսանյութը, որը նկարահանել է Գոգաշվիլիի կինը։
Հուլիսի 15-ին Սոսո Գոգաշվիլին սոցցանցում նամակ է հրապարակել, որում ասում է, որ ունի 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կեղծելու ապացույցներ։ Նա ընդգծում է, որ «Վրացական երազանքն» իրեն շատ «կեղտոտ ու վատ հոտ փչող գործեր» է վերագրել, և ինքը դա այլևս թույլ չի տա։
«Նախ, ես հրապարակայնորեն, հեռուստաէկրաններից կպատմեմ ճշմարտությունը։ 2021 թվականի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում լրացուցիչ բացահայտվեցին և հայտնաբերվեցին բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես են կեղծվում ընտրությունները և խլում ձեր ձայները։ Սրա մեծ մասն, իհարկե, ինձ նախկինում էլ էր հայտնի։ Կոնկրետ այս ընտրություններում ես ուղղակիորեն առերեսվեցի մյուս կողմում գտնվող խառնաշփոթ համակարգին (որից դուրս է եկել): Երկար մտորումներից հետո ես որոշեցի օգտվել հնարավորությունից և վերջ տալ դրան մեկընդմիշտ: Ես հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստվեցի օրենքի առաջ պատասխան տալու այն բոլոր ապօրինությունների համար, որոնց մասնակիցն եմ եղել մինչ այժմ։
Մի շարք հանդիպումներ անցկացրեցի երկրի ներսում և արտերկրում՝ դիվանագիտական կորպուսի, միջազգային ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ և այլն։ Չեմ թաքցնի, որ մարդիկ, ովքեր լսում էին ինձ և դիտում իմ ներկայացրած ապացույցները, ցնցված էին իրենց տեսածից»,- գրում է Գոգաշվիլին։
Գոգաշվիլիի ձերբակալությանը նախորդել է սկանդալ՝ երկու օր առաջ իշխանամետ «Մաեստրո» հեռուստաալիքը հրապարակել է ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության խմբագրական ժողովի աուդիոձայնագրությունը։
2021 թվականի նոյեմբերին արված աուդիոձայնագրությունից, պարզ է դառնում, որ «Պոստ Ֆակտում» հաղորդաշարի հաղորդավար Գիորգի Գաբունիան երկու լրագրողների և մի պրոդյուսերի հետ ծրագրում է սյուժե հատուկ ծառայությունների տեղեկատուների մասին։ Միևնույն ժամանակ, լրագրողները զրույցում նշում են իրենց սեփական տեղեկատուի մասին, ով արդեն մի քանի տարի է, ինչ նրանց գաղտնի տեղեկություններ է փոխանցում Պետական անվտանգության ծառայության գործունեության մասին։ Պարզվեց,որ դա Սոսո Գոգաշվիլին է։
Իոսեբ Գոգաշվիլին Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել 2018 թվականին այն բանից հետո, երբ Պանկիսիի կիրճում Պետական անվտանգության ծառայության հատուկ գործողության ժամանակ մահացել է տեղի 19-ամյա բնակիչ Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Երիտասարդը սպանվել է 2017 թվականին սեփական ննջասենյակում: Նա, իբր, փորձել է նռնակ նետել ջոկատայինի վրա։ Գոգաշվիլին ստիպված է եղել հրաժարվել իր պաշտոնից՝ հասարակության և ընդդիմության ճնշման ներքո։ 2020 թվականին դատախազությունը Պանկիսիի կիրճում իրականացված հատուկ գործողության ժամանակ իշխանության հնարավոր չարաշահման գործը փակել է ։
Պետական անվտանգության ծառայությունից հեռանալուց հետո Գոգաշվիլին աշխատել է «Վրացական երազանք» կուսակցությունում, որտեղ ղեկավարել է Մոնիտորինգի, համակարգման և վերլուծության բաժինը, սակայն այս պաշտոնը ևս թողել է 2020 թվականին։
Վրաստանի ՊԱԾ-ն առաջին մեկնաբանությունն է արել՝ կապված գերատեսչության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի ձերբակալության հետ։
Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները վրացական ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Գոգաշվիլին կալանավորվել է ոչ թե նորհետաքննության, այլ շարունակվող հետաքննության շրջանակներում։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ Գոգաշվիլիի տանը և նրա ընտանիքի անդամների տներում խուզարկությունն իրականացվել է դատավորի որոշման հիմքով։
«Դատավորի որոշմամբ խուզարկություն կատարվել է ընթացիկ քրեական գործով, ոչ թե նոր գործով։ Խուզարկության արդյունքում նրա կալանավորումն անխուսափելի է դարձել»,- հայտնում են Պետական անվտանգության ծառայությունից։
Նախկին պաշտոնյայի՝ Նինի Գոգաշվիլիի դստեր տանը խուզարկության ժամանակ քննիչը նրան հաղորդել է, որ խուզարկության հրամանը վերաբերում է ՔՕ 157-րդ հոդվածի 4-րդ մասով արդեն իսկ հարուցված հետաքննությանը։
Այսպիսով, Սոսո Գոգաշվիլիին հավանաբար մեղադրանքը առաջադրվել է «Անձնական կյանքին վերաբերող կամ անձնական տվյալներ արտացոլող տեղեկատվության կորզում» հոդվածով։