Գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, Կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժանմունքի թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել հանցավոր խմբի 9 անդամի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Գ.Պ.-ն, 1968 թվականին ծնված Կ.Մ.-ն, 1960 թվականին ծնված՝ Մ.Լ.-ն, 1981 թվականին ծնված՝ Ա.Մ.-ն, 1978 թվականին ծնված Լ.Մ.-ն, 1968 թվականին ծնված՝ Ի.Բ.-ն, 1978 թվականին ծնված՝ Թ.Բ.-ն, 2000 թվականին ծնված Գ.Չ.-ն և 1976 թվականին ծնված Գ.Մ.-ն կալանավորվել են խմբակային հանցագործության՝ մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով:

Ինչպես պարզաբանել են ՆԳՆ-ում, հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։

«Հետաքննությամբ պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանայք պարբերաբար հավաքվել են Թբիլիսիում տեղակայված «Սաբուդարա» և «Արգո» հյուրանոցներում, ինչպես նաև նույն հաստատությունների բարերում՝ սեփականատիրոջ՝ Գ.Ս.-ի և ադմինիստրացիայի աշխատակիցների ցուցումով, որոշակի գումարի դիմաց սեռական ծառայություններ են մատուցել հյուրանոց եկած մարդկանց։

Հետաքննությունը պարզել է նաև, որ «Արգո» և «Սաբուդարա» հյուրանոցների ադմինիստրատորները կապ են հաստատել սեռական կապեր փնտրող տղամարդկանց և մարմնավաճառությամբ զբաղվող կանանց միջև: Դրա համար նրանք ժամավճարով վարձակալում էին հյուրանոցային համարներ, անվտանգության աշխատակիցներն ապահովում էին մարմնավաճառությամբ զբաղվող կանանց անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովում էին այդ կանանց ու նրանց հաճախորդների տեղաշարժը մեքենաներով։

Հանցավոր խմբի անդամները զգալի եկամուտ են ստացել մարմնավաճառությանը նպաստելուց և մարմնավաճառության համար տարածք տրամադրելուց:

Իրավապահները խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են խոշոր չափի գումար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Գործը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 1-ին և 2-րդ մասերով։