Վրաստանի կառավարությունը «կենսատեխնոլոգիաներ» օգտագործող ֆերմերներին աջակցելու ծրագիր է սկսում իրագործել։
Որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ կառավարության նիստում։ Ծրագիրը համակարգելու է Գյուղական զարգացման գործակալությունը, և այն կընդգրկի Վրաստանի բացարձակապես բոլոր մունիցիպալիտետները։ Նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է այն արտադրողներին, ովքեր հրաժարվում են հանքային պարարտանյութերից, ֆունգիցիդներից և թունաքիմիկատներից՝ հօգուտ օրգանական հողագործության։ Ծրագրում կարևոր տեղ է հատկացված նաև մեղվաբույծներին։
Շահառուներին կառաջարկվեն ֆինանսավորման մի քանի սխեմաներ: Ծրագիրը կկարողանա ծածկել օրգանական արտադրանքի սերտիֆիկացման, խորհրդատվական ծառայությունների, մեղրի և մեղրամոմի լաբորատոր անալիզի ծախսերի մինչև 70%-ը։ Ֆինանսավորման ընդհանուր գումարն այս դեպքում չպետք է գերազանցի 7 հազար լարին։ Այն դեպքում, երբ շահառուն արդեն օգնություն է ստանում որևէ դոնոր կազմակերպությունից, ապա նրա ծախսերի 40%-ը կհոգան 4 հազար լարիից ոչ ավելիի չափով:
Հստակ կանոններ են սահմանվել օրգանական պարարտանյութերի, վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական արտադրանքի, մեղուների կենսաբանական արտադրանքի և բիոպիգմենտի արժեքի փոխհատուցման համար։ Այսպիսով, խաղողագործների համար ֆինանսավորման չափը կսահմանվի 1 հեկտարի համար՝ ծախսերի մինչև 70%-ը՝ 5,1 հազար լարիից ոչ ավելի։ Եթե ֆերմերն արդեն ֆինանսավորում է ստանում դոնոր կազմակերպությունից, ապա նրան կփոխհատուցվի պարարտանյութի արժեքի մինչև 40%-ը՝ 2,9 հազար լարիից ոչ ավելի։ Այս դեպքում ծախսերը ծածկվում է առավելագույնը 5 հեկտարի համար։
Մեղվաբույծներին կփոխհատուցվի կենսապատրաստուկների և կենսափեթակների (յուրաքանչյուրը 50 լարիից ոչ ավել) արժեքի մինչև 70%-ը՝ 5,1 հազար լարիից ոչ ավելի: Եթե շահառուն այլընտրանքային ֆինանսավորում ունի, ապա վճարման առավելագույն չափը կկազմի 2,9 հազար լարի՝ ծախսերի 40%-ից ոչ ավելի, առավելագույնը՝ 25 լարի յուրաքանչյուր փեթակի համար։