Վրաստանի բանտերում շարունակում է գոյություն ունենալ ոչ ֆորմալ հիերարխիա՝ քրեական հեղինակությունները բանտարկյալներին ստիպում են գումար վճարել «օբշյակ», իսկ ովքեր հրաժարվում են դա անել՝ հաճախ ծեծի են ենթարկվում։
Այս մասին ասվում է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցում 2021 թվականի մայիսին Վրաստան կատարած հատուկ այցից հետո։
CPT-ի պատվիրակությունն այցելել է երկրի բոլոր երեք «զոնաներ»՝ Գեգութիի թիվ 14, Քսանիի թիվ 15 և Ռուսթավիի թիվ 17 բանտեր, ինչպես նաև Քութաիսիի թիվ 2 փակ գաղութ և Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայի հսկվող բանտախուց: Այցի նպատակն է եղել գնահատել, թե ինչպես են Վրաստանի իշխանությունները կատարում CPT-ի 2018թ.-ին տրված հանձնարարականները:
Պատվիրակության անդամները թվարկում են «ոչ ֆորմալ բանտային հիերարխիայի ակնհայտ նշաններ»՝ պատկերներ պատերին և որոշ բանտախցերի դռների վերևում ութաթև աստղերի և ոռնացող գայլերի: CPT-ն նշում է, որ բանտարկյալների պայմանները, որոնք իբր բանտային հիերարխիայում բարձր դիրք են զբաղեցնում, շատ ավելի հարմարավետ էին, քան մյուսներինը։ Պարզվել է, որ նրանց բանտախցերն ավելի ընդարձակ և ավելի լավ վերանորոգված են, հատակը՝ սալիկապատված: Բացի այդ, նման բանտարկյալներին թույլատրվում է ունենալ «մեծ քանակությամբ ոչ ստանդարտ սարքավորումներ»՝ մեծ հեռուստացույցներ, DVD, HiFi համակարգեր, օդորակիչներ, խոհանոցային անկյուններ և շատ ավելին:
«Մի շարք բանտարկյալներ պատվիրակությանը հաստատել են նաև հիերարխիայի առկայությունը և դատապարտյալների անօրինական ֆոնդի («օբշյակ») համար գումարների (բանտարկյալներից, բայց ավելի հաճախ՝ նրանց ընտանիքներից) հավաքը (ավելի ճիշտ՝ շորթումը): Վերոնշյալ գործոնների համակցությունը հանգեցրել է բանտարկյալների նկատմամբ բռնության, ահաբեկման և շորթման բարձր ռիսկի», – ասվում է զեկույցում։
Պատվիրակության անդամներն անձամբ են ականատես եղել «բանտարկյալների միջև ծեծկռտուքին, որի հետևանքով բազմակի վնասվածքներ ստացած կալանավորը հոսպիտալացվել է»։ Այցելությունից հետո կոմիտեին հայտնի է դարձել մի դեպք, երբ Ռուսթավիի բանտում բանտարկյալների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ կալանավոր է մահացել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել «օբշյակի» հավաքման ու օգտագործման շուրջ տարաձայնությունները։
CPT-ն նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բանտարկյալները հաճախ հայտնվում են դատապարտյալների հիվանդանոցներում այնպիսի վնասվածքներով, որոնք կարող են ակնհայտորեն վկայել բռնության մասին՝ գլխային բացվածքներ, կապտուկներ և հարվածների հետքեր մարմնի վրա, կոտրված քթեր, աչքերի և կոպերի վնասվածքներ, կրծքավանդակի վնասվածքներ: Քրեակատարողական հիմնարկների բժիշկները բավարարվում են դատապարտյալների բացատրություններով և իրենց հաղորդումներում, որպես կանոն, նշում են վնասվածքների կենցաղային պատճառները՝ ընկել է երկհարկանի մահճակալից, սայթաքել է ցնցուղ ընդունելիս և այլն։
Ակնհայտ էր թվում, որ վարչակազմի և բանտի հիերարխիայի անդամների կողմից լուռ ըմբռնում կա, որ բանտարկյալների միջև ցանկացած «անօրինաչափ վարքագիծ» և ցանկացած ներքին կոնֆլիկտ պետք է լուծվի հիմնականում ոչ ֆորմալ կերպով, բանտարկյալների միջև (և առանց վարչակազմի ֆորմալ մասնակցության)», – ասվում է զեկույցում:
CPT-ն նշում է, որ բանտերում գերբնակեցվածությունը և անձնակազմի անբավարար քանակը ևս երկու կարևոր խնդիրներ են հանդիսանում, որոնք նպաստում են հիերարխիայի պահպանմանը և անհնարին դարձնում պատշաճ վերահսկողությունը:
Զեկույցին ի պատասխան՝ Վրաստանի իշխանությունները տեղեկատվություն են տրամադրել CPT-ի հանձնարարականների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին։ Այս փաստաթուղթը հրապարակված է նաև ԵԽ կայքում։