Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արսեն Կարապետյանը հայտարարությունն է տարածել, որում հերքում է, որ ինքը որևէ առնչություն ունի «Ազգային միասնական շարժում» և «Վրացական երազանք» կուսակցությունների հետ:

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մեր շրջանում և ամբողջ Վրաստանում, երբ մութ ուժերը խոչընդոտում են հումանիտար օգնությունը, ինչպես նաև գումարային տեսքով, հասցնել Հայաստան և միևնույն ժամանակ ակտիվորեն զբաղված են սուտ լուրերի տարածմամբ մեր կուսակցության մասին (#2)։

Ես, Արսեն Կարապետյանս, պատգամավորության մեծամասնական թեկնածուս, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ ես, ոչ մեր կուսակցությունը, բացարձակապես ոչ մի կապ չունի «Ազգային միասնական շարժում»(#5) և «Վրացական երազանք»(#41) կուսակցությունների հետ։ Նման կեղծ ու անհեթեթ լուրերը տարածվում են այն նպատակով, որպեսզի նոր առաջադեմ և երիտասարդ ուժերը չկարողանան ձեռք բերել իշխանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանը։

Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցության մեծամանսական թեկնածուն նույնպես հերքում է, որ ինքը կամ իր քաղաքական թիմը, որևէ կապ ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության հետ:

«Արսեն Կարապետյանն ու իր թիմը, մեր կուսակցության քաղաքական հակառակորդներն են, մենք չենք կարող մի թիմից լինել: Ես չգիտեմ, ով, որտեղ և ինչ խոսակցություններ են տարածում: Երևի նման բաներ են տարածում, որպեսզի ուշադրություն հրավիրեն, ես չգիտեմ»,- ասաց «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը:

«Միասնական ազգային շաժում» կուսակցության մեծամասնական թեկնածուն ևս բացառում է, որ իրենք նույն թիմից:

«Ես չգիտեմ ինչ պատասխանեմ, այս հարցը պետք է հենց Արսեն Կարապետյանին ուղղեք: Հասկանում ենք, մենք չենք կարող նույն թիմից լինել, իրենց ուղղությունն ու մերը բացարձակապես անհամատեղելի են»,- ասաց «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանը:

Հոկտեմբերի 31-ը մոտենում է, իսկ Ախալքալաքում քաղաքական բամբասանքներն օր օրի ավելանում են: Յուրաքանչյուր կուսակցություն ու թեկնածու փորձում է ընտրողի առավելագույն ձայներն ունենալ: Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված Ախալքալաքում պատգամավորության թեկնածուները քարոզարշավ չեն իրականացնում: Նախընտրական պասիվությունը նկատելի է ամենուր: