Հունիսի վերջ Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում զանգվածային թունավորման դեպքերից հետո խմելու ջրից նմուշ էր ուղարկվել փորձաքննության: Բայց պարզվում է, որ լաբորատորիայում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ջրի հետազոտություն չի կատարվել, ջուրը նորից կուղարկեն հետազոտության:

Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, տեխնիկական խնդիրներ են առաջացել լաբորատորիայում:

«Այսօր ջրից նոր նմուշ վերցրին, որի պատասխանները 4-ից 5 օր հետո կլինի: Քանի որ ջուրը հիմա մաքրվել է, քլորացվել է, դրա համար ուզում ենք ուղարկել հետազոտման, որ հասկանանք այն պիտանի է օգտագործման», – Jnews-ին ասաց Տիգրան Եղոյանը։

Մեծ Արագյալ գյուղի մասնագետի խոսքով, մաքրման աշխատանքներից հետո գյուղում որոշ մարդիկ սկսել են օգտագործել ջուրը:

«Իմ տեղեկություններով ստուգել են ջուրը և ասել, որ ինչ-որ եղել է հիմա մաքրվել է: Ասում են, որ այդ նյութերից յուրաքանչյուր ավազանի մեջ էլ կարող է լինել, այդպես էլ կոնկրետ չիմացանք ջրից էր թունավորումը, թե՝ ոչ, բայց հիմա գյուղացիները օգտագործում են և ասում են նորմալ է», – ասաց Արման Աղջոյանը։

Հիշեցնենք, որ թունավորման ժամանակ ծանր դեպքեր չեն եղել, ստամոքսաղիքային երևույթներ՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, լուծ, բայց կարճատև, երկու օր է տևել, առավելագույնը՝ երեք, բնակիչներին անհանգստացրել է հիմնականում թուլությունը։ Արագյալի թունավորված բնակիչները Նինոծմինդայի կլինիկայում կաթիլային ներարկում էին ընդունել:

Կարդացեք նաև՝
Մեծ Արագյալում զանգվածային թունավորում է գրանցվել