նորություններ 16 Սեպտեմբերի, 2026 • Որսի սեզոնը Ջավախքում․ երբ որսորդությունը վնասում է գյուղացուն

Ջավախքում սկսվել է աշնանային որսի սեզոնը։ Տարբեր շրջաններից, այդ թվում՝ Թբիլիսիից, որսորդներ են գալիս Ջավախք՝ հիմնականում լորի որսի նպատակով։ Սակայն որսի սեզոնի հետ մեկտեղ գյուղացիների շրջանում կրկին բարձրաձայնվում է մեկ այլ խնդիր՝ հասած արտերի վնասումը։

Գյուղացիների խոսքերով՝ որսորդները լորերին հետապնդելիս հաճախ մտնում են դեռևս չհնձված գարու արտեր։ Որսորդներին ուղեկցող շներն անցնում են արտերի միջով՝ թռցնելով լորերին, իսկ այդ ընթացքում տրորվում ու պոկվում են հասած հասկերը։

Որոշ դեպքերում, ըստ բնակիչների, վնասն ավելի մեծ է, երբ որսորդական մեքենաները մտնում են անմիջապես արտերի մեջ։

Ջավախքցու համար բերքի հասունանալը տարվա աշխատանքի ամենակարևոր փուլերից է։ Գարնան վաղ ամիսներից սկսած կատարված աշխատանքը՝ հողի մշակումից մինչև ցանք ու բերքի խնամք, ավարտվում է հենց բերքահավաքով։

«Գնացել էինք գարու արտը հնձելու։ Արտս սարսափելի վիճակում էր։ Մեքենան անցել էր միջով մի քանի անգամ և արտի մի հատվածը ամբողջությամբ վնասված էր և այլևս հնձելու ենթակա չէր։ Նշեմ, որ ընդամենը 2-3 օր առաջ ստուգել էի, արտը շատ լավ վիճակում էր գտնվում», — պատմեց Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչներից մեկը։

Հասած գարու արտի մեջ մեքենայի կամ մարդկանց ու շների տեղաշարժը գյուղացիների համար պարզապես անհարմարություն չէ․ այն կարող է վերածվել բերքի կորստի։

«Հասած արտերի մեջ շներին բաց են թողնում, որ լորերին թռցնեն, հետո կրակում են, կրակոցից հասկերը ջարդվում լցվում են գետննի։ Դրանից հետո շները նորից վազում են արտի միջով, որ խփած լորերին դուրս բերեն։ Այս ամբողջ գործընթացի ժամանակ ամբողջությամբ վնասվում է արտը»,- շարունակեց Գանձա գյուղի մեկ այլ բնակիչ։

Խնդիրը հատկապես բարձրաձայնվում է Գանձա գյուղի բնակիչների կողմից։ Նրանց խոսքով՝ որսորդները հասնում են նույնիսկ գյուղից հեռու գտնվող արտեր, իսկ գյուղացիները հաճախ չեն կարողանում կանխել դա։

«Մենք ամբողջ սեզոնն աշխատում ենք, որ բերքը հասցնենք։ Երբ արդեն հասած է, ամեն հասկ կարևոր է։ Իսկ արտի մեջ մեքենա մտնելը մեծ վնաս է տալիս»,— ասում են գյուղացիները։

Գյուղացիների բարձրացրած հիմնական հարցը ոչ միայն որսորդների՝ արտեր մտնելու փաստն է, այլ նաև այն, թե ով է պատասխանատու որսի ընթացքում պատճառված վնասի համար։

Որսորդները կարող են ունենալ անհրաժեշտ թույլտվություն, սակայն արդյո՞ք այդ թույլտվությունը նրանց իրավունք է տալիս մտնել գյուղացիների մշակվող արտերը։

Եթե որսի ընթացքում վնասվում է գյուղատնտեսական տարածքը, ինչպե՞ս պետք է արձանագրվի վնասը, ո՞վ պետք է այն գնահատի և ի՞նչ կարգով պետք է փոխհատուցվի գյուղացուն պատճառված վնասը։

Գյուղացիների խոսքով՝ իրենք չունեն բավարար հնարավորություն ամբողջ սեզոնի ընթացքում վերահսկելու իրենց արտերը և յուրաքանչյուր որսորդի հետ առանձին պայքարելու համար։

Խնդիրը որսորդության արգելումը չէ։ Գյուղացիներն էլ չեն պահանջում, որ որսի սեզոնը դադարեցվի։ Հարցը որսի կանոնների պահպանման և դրանց վերահսկողության մասին է։

Կարևոր է, որ որսի կազմակերպման ընթացքում հստակ տարանջատվեն որսի համար թույլատրելի տարածքները և գյուղացիների մշակվող հողերը։ Հատկապես այն ժամանակ, երբ արտերում դեռ չհնձված բերք կա։

Ջավախքի գյուղացիների համար հասած արտը տարվա աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքի պաշտպանության հարցը չպետք է երկրորդ պլան մղվի միայն այն պատճառով, որ նույն տարածքում որս են անում։

Այս հարցը վերաբերում է այն բանին, թե ինչպե՞ս կարելի է կազմակերպել որսը՝ միաժամանակ պաշտպանելով գյուղացու սեփականությունն ու ամիսների աշխատանքը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝