Վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածվեց տեղեկություն այն մասին, որ կենսաթոշակային ֆոնդը սնանկանում է և շահառուները չեն կարողանա թոշակ ստանալ: Ախալքալաքում այս տեղեկությունը տարածվեց կայծակնային արագությամբ և խուճապ առաջացրեց հատկապես կենսաթոշակառուների շրջանում: Վրաստանի Կենսաթոշակային գործակալությունը հատուկ հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ կենսաթոշակային խնայողություններին վտանգ չի սպառնում: Այս և մյուս ամիսներին կենսաթոշակառուները իրենց թոշակը կստանան սովորականի պես, առանց որևէ խոչընդոտի։
Կենսաթոշակային գործակալությունը հայտարարություն է տարածել, որ կենսաթոշակային խնայողություններին վտանգ չի սպառնում, մյուս կողմից, լրատվամիջոցները գրում են, որ կենսաթոշակային գործակալության ակտիվները նվազում են:
Գիորգի Մելիքիձեն, ով Կենսաթոշակային գործակալության ներդրումային ավագ սպա է բացատրում է.
«Կենսաթոշակային ֆոնդին ոչ մի վտանգ չի սպառնում, այն շարունակում է զգալիորեն աճել: Կենսաթոշակային գործակալության վերջին հայտարարություններում նշվում է, որ համաշխարհային շուկաներում արժեթղթերի արժեքի անկումն ազդել է ներդրումային պորտֆելի արժեքի վրա։ Մեր պորտֆելը դիվերսիֆիկացված է արժեքի հանկարծակի փոփոխություններից պաշտպանվելու համար: Դիվերսիֆիկացման համար մենք նաև ներդրումներ ունենք համաշխարհային արժեթղթերում, մասնավորապես՝ զարգացած երկրների մասնաբաժիններով, որոնք երկարաժամկետ հեռանկարում զգալի հավելումներ են ապահովում կենսաթոշակային գործակալության պորտֆելում և դիվերսիֆիկացման միջոցով մեզ զգալի առավելություններ են տալիս։ Որոշ դեպքերում, եթե համաշխարհային շուկաներում նվազման միտումը երկար ժամանակ պահպանվի, ապա բաժնետոմսերի գների անկումը կարող է ժամանակավորապես գերազանցել ֆիքսված եկամտի գործիքներից ստացված օգուտները, սակայն դա ժամանակավոր ազդեցություն է և որևէ վտանգ չի ներկայացնում հուսալիության և անվտանգության համար: Բարձր գնաճը, բնականաբար, հանգեցնում է իրական արտադրանքի նվազմանը, ինչն անխուսափելի գործընթաց է։ Պետք է մեր քաղաքացիներին տեղեկացնենք, որ բարձր գնաճի ժամանակ իրական ակտիվների կրճատումը ժամանակավոր, կարճաժամկետ երևույթ է»։
Այս հայտարարությունը հերքում է Վրաստանում շրջանառվող այն տեղեկությունը, իբր կենսաթոշակառուներն այլևս թոշակ չեն կարողանա ստանալ: Կենսաթոշակային հիմնադրամից վստահեցնում են, յուրաքանչյուր քաղաքացի կստանա իրեն հասանելիք ամսական թոշակը և կենսաթոշակային հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: