Սեպտեմբերին Ախալքալաքի շրջանի կենսաթոշակառուները, որպես բարձրլեռնային շրջանի բնակիչներ ստացան 20 % հավելավճար իրենց կենսաթոշակին, սակայն ավելացված կենսաթոշակը ստացան ոչ բոլոր կենսաթոշակառուները:
Սեպտեմբերին թոշակառուները հույս ունեին, որ կստանան ավելացված թոշակը – 216 լարի: Սակայն, շատերը վրդովված են, նրանք մտածում էին, որ նպաստը հասանելի է տարածաշրջանի բոլոր կենսաթոշակառուներին: Ավելացված կենսաթոշակ չստացան ոչ միայն թոշակառուները, ովքեր չէին պատրաստել փաստաթղթերը, այլ նույնիսկ նրանք, ովքեր ունեին բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ:
Լևոն Ալթունյանը և Էթերի Ալթունյանը դիմել էին Շրջանային վարչությանը բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար երեք ամիս առաջ, բայց սեպտեմբերին նրանք ստացան կենսաթոշակը առանց հավելումների:
«Ես արդեն վեց տարի է թոշակառու եմ, միթե ես իրավունք չունեմ ստանալու կարգավիճակ: Ով է տեսել այսպիսի բան, որ մարդը, ապրելով 71 տարի նույն քաղաքում չունի բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ: Ինչպես է դա հնարավոր, ում ուզում տալիս են, ում չեն ուզում, չեն տալիս», – ասում է Լևոն Ալթունյանը:
Նա չտեսնելով պատճառները, թե ինչու նրան չեն տալիս կարգավիճակ, մտածում է, որ այս հարցում կա քաղաքական բաղադրիչ:
«Հնարավոր է նրանք միտումնավոր կերպով են ինչ-որ բան անում մինչ ընտրությունները: Ցանկանում են, որ մարդիկ բոյկոտեն, գուցե ընտրություններից առաջ մեկի տակ փորում են, ես այդպես եմ մտածում, կամ ուղղակի այնտեղ չկան մասնագետներ», – ասում է Լևոն Ալթունյանը:
Ըստ Ռոզա Գոգորյանի, նրան ասել էին, որ ավտոմատ կերպով կարգավիճակ ստացողների ցուցակում է, կարիք չկա դիմում գրել և հավաքել փաստաթղթերը, բայց սեպտեմբերին նա նույնպես չստացավ նպաստը: Պարզվեց, որ նա չկա ավտոմատ կերպով կարգավիճակ ստանացողների ցուցակներում, և նա պետք է հանձնի փաստաթղթերը կարգավիճակ ստանալու համար:
«Նրանք իմ հարսին ասել էին, որ իմ անունը կա ցուցակներում, սակայն այժմ պարզվում է, որ չկա: Իմ կենսաթոշակը չի ավելացել: Ես չեմ կարող բարձրանալ աստիճաններով, սպասում եմ այստեղ: Հարսս վերևում ներկայացնում է փաստաթղթերը, ես եկել եմ ստորագրելու, որպեսզի նրանք համոզվեն, որ ես ողջ եմ», – ասում է Ռոզա Գոգորյանը:
Ախալքալաքի Շրջանային վարչության իրավաբանական բաժնի ղեկավար Խաչատուր Ալեքսանյանն ասում է, որ յուրաքանչյուրը, ով հայտ է ներկայացրել, նրանք տվել են բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ:
«Մեզ մոտ նույնպես եկել են մարդիկ բողոքելու, բայց հավելում չեն ստացել, նույնիսկ նրանք, ովքեր ստացել են կարգավիճակը դեռ ապրիլ, փետրվար ամիսներին», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Սակայն, նա չի բացառում այն, որ ինչ-որ մեկի փաստաթուղթը կարող էր կորել:
«Մենք աշխատում էինք անմիջականորեն 3500-4000 դիմումների հետ և չեմ բացառում, այն որ ինչ-որ մեկի դիմումը կարող էր կորել, թող մեզ ներեն: Մեր աշխատանքը չափազանց ծավալուն էր», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Սեպտեմբերի 14-ից հետո, երկու օրվա ընթացքում բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար Շրջանային վարչությունը ստացել է 300 դիմում: Կան մարդիկ, ում Շրջանային վարչությունը տվել է բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ, սակայն սոցիալական ծառայությունների բազայում իրենց անունները չկա:
«Մենք ամբողջ բազան ուղարկել ենք Արդարադատության Նախարարություն, բայց ինչու փողերը չեն փոխանցվել, չեմ կարող ասել: Մարդիկ եկել են մեզ մոտ, մենք տվել ենք նրանց վկայագիր, նշելով, որ նրանք ունեն կարգավիճակ, սակայն Սոցիալական ծառայություններում նրանց հայտնել են, որոնք նրանք չկան բազայում: Մենք այս հարցը պարզաբանեցինք, նրանք ասացին, որ բոլոր այն մարդիկ, ովքեր, ինչ-ինչ պատճառներով, չեն ստացել նպաստ սեպտեմբերին, անպայման կստանան երկու ամիսը միասին՝ հոկտեմբերին», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:
Ում դիմեն և ինչ անեն մարդիկ, ովքեր չեն ստանում նպաստ, ոչ ոք չգիտի: Շրջանային վարչությունը երկրորդ անգամ կարգավիճակ չի տալիս, քանի որ իրենց տվյալների բազայում նրանք արդեն կան: Մնում է հուսալ, որ հոկտեմբերին, բոլորը կստանան օրենքով հասանելի իրենց կենսաթոշակի հավելումները:
Շուշան Շիրինյան